«Իմ ջերմ ու բարի քաղաք»–ն ինձ համար մեր մայրաքաղաքի բնակիչներն են. Վարդգես Բարսեղյան
SocietyՀաշված օրեր անց Երևանը կնշի իր ծննդյան 2797 ամյակը: «Էրեբունի-Երևան» տոնակատարության մասին մենք զրուցեցինք ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վարդգես Բարսեղյանի հետ:
-«Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներից հատկապես ի՞նչն եք սիրում և սպասում:
-Պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ ամեն տարի մեծ ոգևորությամբ եմ սպասում «Էրեբունի–Երևան» տոնակատարությանը։ Բուն միջոցառումն արդեն իսկ սիրելի է ոչ միայն ինձ, այլ, կարծում եմ, բոլոր երևանցիների համար։
Սակայն, ամենաշատը սիրում եմ, երբ Արգիշտի 1 հասցեում բազմահազար մարդիկ ամեն տարի հավաքվում են, մեծ ուրախությամբ տոնում մեր ջերմ ու բարի քաղաքի օրը և վայելում գեղեցիկ և գունագեղ միջոցառումը։ Ես սպասում եմ «Էրեբունի–Երևան»-ը խորհդանշող նոր երգին, որը փոխանցում է ողջ տոնական տրամադրությունը թե՛ ինձ, թե՛ բոլոր համաքաղացիներին:
-Այս տարվա կարգախոսն է «Իմ ջերմ ու բարի քաղաք», ինչո՞վ է ասոցացվում այդ արտահայտությունը Ձեզ համար:
-Վերջին տարիներին ավելի բարեկարգված է դարձել մեր Երևանը։ Ի ուրախություն բոլորիս, նկատվում է մարդկանց հոգատար, գնահատող և ջերմ վերաբերմունքը տարված աշխատանքների նկատմամբ։
Իսկ բարությունը պայմանավորված է իմաստավոր և լավ միջոցառումներով։ Այսինքն, «Իմ ջերմ ու բարի քաղաք» արտահայտությունն ինձ համար ասոցացվում է մեր սիրելի մայրաքաղաքի ջերմ ու բարի մարդկանցով։
-Մայրաքաղաքում սիրելի վայրը ո՞րն է:
-Մայրաքաղաքում իմ սիրելի վայրը նախկին Աստաֆյան, ներկայիս Աբովյան փողոցն է։ Հաճելի է զբոսնել այդ փողոցով և միանալ գիշերվա մարդաշատ ՀՀ հրապարակին թե՛ տոնական, թե՛ ոչ տոնական օրերին։
Եվ վերջում հավելեմ, որ ցանկանում եմ, որ բոլորը մասնակցեն «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանն ու վայելեն մեր դարավոր պատմություն ունեցող քաղաքի օրը: