Հայ ձեռներեցները պատրաստվում են մուտք գործել դեղամիջոցների ԵԱՏՄ շուկա
EconomicsՀայ ձեռներեցները պատրաստվում են միանալ Եվրասիական տնտեսական միության դեղամիջոցների և բժշկական ապրանքների ընդհանուր շուկաներին:
Ինչպես հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը հոկտեմբերի 1-ին Երևանում տնտեսվարողների հետ հանդիպմանը պատմել է նոր հնարավորությունների և մարտահրավերների մասին, որոնք սպասվում են հայկական բիզնեսին` ԵԱՏՄ տարածքում 2016 թվականի հունվարի 1-ից դեղամիջոցների և բժշկական արտադրանքի շրջանառության նոր կանոնների և սկզբունքների ուժի մեջ մտնելուց հետո:
Նախարարն ընդգծել է, որ անցումն ընդհանուր շուկաներին նշանակում է բոլոր կողմերի համար բիզնես գործունեության ընդհանուր պայմաններ, ինչը ոչ միայն կապահովի նոր հնարավորություններ, այլև նոր մարտահրավերներ հայ ձեռներեցների համար:
«Հայաստանի առողջապահական ոլորտը դինամիկ կերպով զարգանում է: Վերջին հինգ տարիների ընթացքում այն աճել է գրեթե կիսով չափ, հիմնականում արտադրողականության և արդյունավետության հաշվին: Տարեկան միջին աճը կազմում է 10 տոկոս, դա բավականին լավ ցուցանիշ է Հայաստանի արդյունաբերության այլ ճյուղերի զարգացաման համեմատ: Դա նշանակում է, որ հայկական բիզնեսն ունի մեծ ներուժ ԵԱՏՄ դեղամիջոցների և բժշկական ապրանքների ընդհանուր շուկաներին ներգրավելու համար»,- ասել է Մինասյանը:
Նրա խոսքով` առկա է աճի մեծ ներուժ, ինչը թույլ կտա Հայաստանին զբաղեցնել իր դիրքը ԵԱՏՄ տարածքում: