Ադրբեջանի ժողովուրդը կորցրել է երկրի պաշտպանության նախարարության նկատմամբ հավատը. ադրբեջանցի լրագրող
International newsԱդրբեջանում ճանաչված լրագրող Չինգիզ Սուլթանսոյը, մեկնաբանելով այդ երկրի ԶԼՄ-ներին պաշտպանության նախարարության արած վերջին ծանուցումն այն մասին, թե ՊՆ-ի մամուլը ծառայությունը որեւէ մեկնաբանություն չի տալու հայկական մամուլի հրապարակումները «տիրաժավորող» ԶԼՄ-ներին, հայտարարել է, որ ադրբեջանական ՊՆ-ի նման դիրքորոշումը թուլության դրսեւորում է:
Moderator.az կայքին տված հարցազրույցում Չինգիզ Սուլթանսոյն ասել է, որ ներկայիս տեղեկատվական պատերազմը ճիշտ տանելու համար անհրաժեշտ է բովանդակալից եւ լուրջ տեղեկություններ հրապարակել:
Լրագրողն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը չի կարողանում արժանավորապես կատարել «հենց այդ գործը»:
«Դժբախտությունն այն է, որ մարդիկ չեն հավատում մեր պաշտպանության նախարարության տեղեկություններին: Դա կապված է այն բանի հետ, որ շատ դեպքերում նեգատիվ վիճակները թաքցվում կամ դրա հետ կապված սուտ տեղեկություն է հաղորդվում: Արդյունքում պաշտպանության նախարարության նկատմամբ հավատը, վստահությունը կորել է»,- ասել է Չինգիզ Սուլթանսոյը` հավելելով, որ շատ դեպքերում ՊՆ-ը մեղքը բարդում է լրագրողների վրա, ինչը ամբողջությամբ սխալ մոտեցում է:
«Անձամբ ես չեմ հավատում, որ մեղավորները ոչ թե բանակում նեգատիվ դեպքեր թույլ տվող, ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան համար պատասխանատու սպաներն ու պաշտոնատար անձինք են, այլ այդ դեպքերը լուսաբանող լրագրողներն են: Ի՞նչ է, այդ սպաները լրագրողներից ավելի հայրենասե՞ր են»,- ասել է նա:
Լրագրողն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին խորհուրդ է տվել կառույցի կորցրած հեղինակությունը վերականգնելու համար «լուրջ կադրային բարեփոխումներ կատարել, չթաքցնել, այլ հակառակը` հետաքննել ոչ մարտական պայմաններում յուրաքանչյուր զինվորի մահը, վերջ դնել բանակում կոռուպցիայի դեպքերին»: Ադրբեջանի ՊՆ-ը երեկ հայտարարել է, որ մեկնաբանություն չի տալու հայկական կողմի տեղեկատվությունը «տիրաժավորող որոշ տեղական ԶԼՄ-ներին»:
Կայքին տված հարցազրույցում քաղաքական մեկնաբան Էլխան Մեհդիեւն էլ հայտարարել է, որ «տեղեկատվական պատերազմում Ադրբեջանը հետ է մնում Հայաստանից:
Ըստ նրա` «աշխարհն ավելի շատ հայերի ձայնն է լսում», եւ «համաշխարհային հանրությունն ավելի շատ տեղեկանում է հայկական մամուլի լուրերից»:
Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը: Չնայած դրան ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական աղբյուրների եւ սոցցանցերի հաղորդագրությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կրած 114 զինվորի կորստին վերջին երկու շաբաթներին հայկական կողմերի պատժիչ գործողությունների արդյունքում ավելացել է մոտ 20 զինվորի կորուստ եւ 60-80 վիրավոր, կազմելով առնվազն 134 զինծառայող եւ 138-ից ավելի վիրավոր: