Զոհրապի, Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի չարտասանած Նոբելյան ճառերը` Արթուր Բախտամյանի ֆիլմաշարում
Culture«Չարտասանված Նոբելյան ճառեր». այսպես է կոչվում հաղորդավար, ռեժիսոր, սցենարիստ Արթուր Բախտամյանի ֆիլմաշարը, որը ներկայացնում է արևմտահայ չորս նահատակ մտավորականների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի ենթադրյալ Նոբելյան ճառերը` հեղինակների կենսագրական և ստեղծագործական փաստերի, նրանց ապրած ժամանակի, իղձերի ու հիասթափությունների ճշգրիտ վավերական հիմքերով: Ֆիլմաշարն արդեն պատրաստ է և հոկտեմբերի 1-ին ներկայացվեց հանրության դատին:
«Մեծածավալ նկարահանումներ են տեղի ունեցել: Ընտրվել է գլխավորապես նոբելյան ճառի ձևաչափը, որը չպետք է ձանձրալի լինի: Մենք ունենք շատ հարուստ և հազարամյա գրականություն, սակայն չգիտես ինչու, երբեք ոչ մի հայ չի կանգնել այդ բեմին: Նոբելյան մրցանակը համարվում է չափանիշ, որին, սակայն, ոչ մի հայ չի արժանացել», -Արմենպրես-ի հաղորդմամբ՝ ասաց ֆիլմի հեղինակ Արթուր Բախտամյանը: Ֆիլմի հեղինակները փորձել են հասկանալ «ինչո՞ւ» հարցի պատասխանը, որը պարզ է այնքան. առաջացել է խզում արևմտահայ և արևել ահայ գրականության շարունակականության մեջ: «Չեղավ այդ շարունակականությունը: Այդ մարդիկ այսօր կարող էին կանգնած լինել այս բեմի վրա: Սակայն այն տեղի չունեցավ», - հավելեց Արթուր Բախտամյանը: Նրա խոսքով` այդ գրողներից յուրաքանչյուրը ոչ միայն հայ, այլև համաշխարհային քաղաքակրթության մաս էր, լիարժեք կարող էր կանգնել Ստոկհոլմի բեմում: Սակայն այդ ճառերը մենք լսում ենք նրանց սպանությունից հարյուր տարի անց՝ շրջելով նրանց ապրած Պոլսի՝ այսօրվա Ստամբուլի փողոցներով
Ֆիլմաշարը ներկայացվում է տեսապատումով, որում յուրաքանչյուր Նոբելյան ճառ ավարտվում է 1915 թվականին տվյալ հեղինակի եղերական նահատակության հանգամանքների պարզ ու հակիրճ արձանագրումով:
Նկարահանումներն իրականացվել են Արևմտյան Հայաստանում, գրողների ծննդավայրերում։ Հեղինակի խոսքով` նկարահանումների աշխարհագրությունը շատ լայն էր` հայտնի Սուրբ Փրկիչ հիվանդանոցից մինչև Իշխանաց կղզիներ, Սև ծովի եզերքին կառչած Սարիգյուղ ձկնորսական ավան, Կեդրոնական վարժարան, Հայ Կաթողիկե պատրիարքարան, Ղալաթիայի ոլորագլոր փողոցներով դեպի հնագրավաճառի խանութ, որտեղ գտնում ես Պոետների օսմաներեն առաջին հրատարակությունները, «Նավասարդի» միակ հայերեն օրինակը:
Ֆիլմաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ «Ճեպընթաց» հասարակական կազմակերպությունը «Չարտասանված Նոբելյան ճառեր» ծրագիրը կյանքի է կոչել ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում՝ «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգում։