Ադրբեջանում 60 մարդ զրկվել է ծնողական իրավունքից
SocietyԱդրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տեղեկատվության տարածման բաժնի ղեկավար Ռաֆայել Սուլեյմանովը հայտարարել է, որ արդարադատության նախարարության տարածած տեղեկությունների համաձայն` 2014 թվականին առաջին ատյանի դատարաններում ծնողական իրավունքից զրկելու վերաբերյալ 98 քաղաքացիական գործ է նայվել, որոնցից 60-ը բավարարվել է:
Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, ի պատասխան modern.az-ի այդ մասին հարցին, Սուլեյմանովն ասել է, որ պետվիճկոմում առկա տեղեկությունների հիման վրա հնարավոր չէ պարզել առաջին ատյանի դատարաններում նայված գործերի հետագա ատյանի դատարաններում ունեցած ճակատագիրը:
«2015 թվականի առաջին կեսին ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ քաղաքացիական գործերի հետ կապված տեղեկությունները պատրաստ կլինեն ընթացիկ տարվա հոկտեմբերի առաջին կեսին», -ասել է նա:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` Ադրբեջանում վերջին տարիներին ստեղծված վատ տնտեսական եւ բարոյահոգեբանական պայմանների հետեւանքով խիստ մեծացել է ամուսնալուծությունների թիվը: Այդ գործընթացից հետո ծնողներից մեկի կողմից երեխայով բավարար չհետաքրքրվելը վերջում ավարտվում է նրանց ծնողական իրավունքից զրկելով: