ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը «բլոկադայի» ենթարկեց խավիարասերներին
AnalysisՍտրասբուրգում կրքերը թեժ են: Արդեն քանի օր է` ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Ադրբեջանը ենթարկվում է բարոյահոգեբանական «կտտանքների»: Քննադատություններ հնչում են ինչպես հայկական պատվիրակության անդամների, այնպես էլ մյուս անդամ երկրների ներկայացուցիչների կողմից: Հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների իրագործում» թեմայով բանավեճի ժամանակ առաջ քաշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունած վերջին երկու որոշումները` «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»:
«Երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի առիթով չընդունեց Ադրբեջանի ցանկալի դիրքորոշումը, ավտորիտար Ադրբեջանի պետական քարոզչությունը, առերեսվելով հայկական կողմի հիմնավորված փաստարկներին, սկսեց անել հնարավոր ամեն ինչ իր կամայական մեկնաբանությունները պաշտպանելու համար:
Ադրբեջանն իրեն բավական ազատ է զգում Դատարանին վերագրելու այնպիսի դրույթներ, որոնք երբեք չեն օգտագործվել որոշման մեջ` դրանով իսկ ցույց տալով իր անհարգալից վերաբերմունքը Դատարանի եւ նրա վճիռների, ինչպես նաեւ սեփական քաղաքացու` Չիրագովի իրավունքների նկատմամբ: Սա Բաքվի շահարկումների քաղաքականության վառ դրսեւորում է»,- հայտարարել է Հ. Նաղդալյանը:
Թերեւս բավարարվելով Հ. Նաղդալյանի ելույթի այս հատվածով՝ նկատենք, որ հայկական պատվիրակության ղեկավարը բավական հստակ եւ կոնկրետ շեշտադրումներով է հանդես եկել Ստրասբուրգում` փորձելով ցույց տալ քաղաքակիրթ հանրությանը Ադրբեջանի եւ տվյալ պետության ղեկավարության իրական դեմքը: Այս ելույթն Ադրբեջանին դեռ քիչ էր, նրանց վերջնականապես «խոցելու» համար երեկ ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի զեկույցի քննարկումից հետո (թեման` «Կրոնի ազատությունն ու կողք-կողքի ապրելը ժողովրդավարական հասարակություններում» ) հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով զեկույցին, հայտարարեց, որ հանդուրժողականության մասին խոսելուց եւ զեկույց գրելուց առաջ Հուսեյնովը պարտավոր է ԵԽԽՎ ամբիոնից ներողություն խնդրել Ադրբեջանի վարած հայատյաց եւ ագրեսիվ քաղաքականության, կրոնական անհանդուրժողականության եւ մշակութային վանդալիզմի համար։
Նկատենք, որ հայկական պատվիրակության կին ներկայացուցիչների դիտարկումներն ու զեկույցներն աննկարագրելի ցավոտ են ինչպես ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների, այնպես էլ նրանց խավիարասեր բարեկամների համար: Դրա վառ ապացույցն է Հուսեյնովի արձագանքը Ն. Զոհրաբյանին, ով հայտարարեց, թե ՀՀ-ն մերժում է ցանկացած զեկուցողի այցը Հայաստան, ինչն արժանի է նկատողության և պատժի: Հուսեյնովը ստորաբար ստելով ասաց, թե իբր Հայաստանը խոչընդոտել է երկու զեկուցողների` Միլիցա Մարկովիչի, որը զեկույց է պատրաստում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ և Ռոբերտ Ուոլտերի, որը զեկույց է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, աշխատանքը: Խոսքը, իհարկե, այն անձանց մասին է, ովքեր զեկույցներ պատրաստելուց առաջ հատուկ հրամանով հանգրվանում են ալիեյան կլանի պալատներում՝ անգամ հարկ չհամարելով անցկացնել ամբողջական եւ օբեկտիվ ուսումնասիրություն սեփական զեկույցը ներկայացնելու համար, ինչն էլ խոսում է զեկուցողի ոչ պրոֆեսիոնալ լինելու եւ Ադրբեջանի նավթադոլարների մասին: Ինչպես տեսնում ենք, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը բլոկադայի է ենթարկել խավիարասերներին՝ թույլ չտալով որեւէ մեկին ճողոպրել իրենց հասցեին հնչող սուր քննադատություններից:
Սոսե Չանդոյան