ՀՀ ԶՈՒ բանակային երրորդ կորպուսի հրամանատարությունը խրախուսեց ծառայության մեջ աչքի ընկած 30 զինծառայողի
SocietyՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մշակույթի պալատում ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին կայացավ կորպուսի զորամասերում օրինակելի ծառայությամբ աչքի ընկած եւ ծնունդով Գեղարքունիքի մարզը ներկայացնող 30 զինծառայողների եւ նրանց ծնողների հանդիպումը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, զինծառայողները հրամանատարության կողմից խրախուսվեցին իրենց ծնողներին ուղղված շնորհակալական նամակներով: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզի ԵԿՄ անդամներ, Երրորդ բանակային կորպուսի զորամասերի հրամանատարներ, բարձրաստիճան սպաներ:
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը դրվատեց ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությունը եւ շնորհակալություն հայտնեց իրենց զորամասերում պարտաճանաչ ծառայությամբ աչքի ընկած զինվորներին ու նրանց ծնողներին: «Սիրելի զինվորներ, կեցցե'ք. մենք հպարտ ենք ձեզնով: Դուք մեր պատմության էջերում պատմություն եք կերտում` ձեր անպարտելիությամբ: Տեւական ժամանակ է, ինչ մեր պետական, քաղաքական ու հասարակական գործիչներն այցելում են սահմանապահ զորամասեր ու դիրքեր, քաջալերում մեր անդորրը հսկող հայ զինվորներին: Ես վստահ եմ, որ այս հանդիÕ �ման բարի ավանդույթը շարունակություն կունենա»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Ներկաները դիտեցին ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի կազմավորման եւ տարեգրության մասին պատմող վավերագրական ֆիլմ: Ելույթներով հանդես եկան նաեւ Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի եւ Գավառի երաժշտական ուսումնարանի սաները: Հայկական բանակի հզորության, բանակաշինության հետագա ամրապնդման մասին խոսեց երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: «Մեր զինվորներ անպարտելի ոգու, բարձր մարտունակության շնորհիվ միայն կարող ենք պահպանել մեր սահմանները: Սիրելի ծնողներ, եթե կա այդ անսասան ոգին, ապա դա ձեր ներդրու մն է, եւ այդ դեպքում ոչ միայն մեր սահմաններն են անառիկ, այլ ողջ Հայաստանի Հանրապետությունն է հուսալի ձեռքերում է»,- նշեց կորպուսի հրամանատարը: Քաջալերանքի խոսքեր հնչեց զինվորի հայր Կարեն Ավետիսյանի կողմից:
Գեղարքունիքի մարզի ԵԿՄ ղեկավարության կողմից զինծառայողներից ութ լավագույնները պարգեւատրվեցին պատվոգրերով: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալագրով պարգեւատրեց երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին:
Խոսրով Խլղաթյան