Մտորումներ սիրիական ճգնաժամի շուրջ.... կամ կանխատեսում Ռուսաստանի համար ստեղծվող ծուղակի մասին
BlogԳարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբ երկրորդ աշխարհամարտից հետո առաջացավ երկբևեռ աշխարհակարգը, շուրջ կես դար Արևմուտքը համառորեն ելքեր էր փնտրում Արևելք բևեռը կազմաքանդելու համար: Երկաթյա վարագույրի չեզոքացման համար Չերչիլից և Թրումանից մինչև Բուշ Ավագ ինչեր ասես որ չարվեցին: Գաղափարական, հոգեբանական, տնտեսական, ռազմական, քաղաքական ճնշումներ, պատաժամիջոցներ, վիետնամական պատերազմ, սպառազինությունների մրցավազքի պարտադրում և այլն , և այլն: Մեր հասարակության միջին և ավագ սերնդի մարդիկ ապրելով ԽՍՀՄ-ում ականատես են եղել այդ քաղաքական գործընթացներին: ԽՍՀՄ-ը և նրա ազդեցության տակ գտնվող սոցիալիստական ճամբարը, ես կասեի որ բավականին հաջող դիմակայում էր: Գիտեք մինչև երբ...մինչև որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների և քաղաքական հետախուզության գլխավորությամբ ավարտին հասցվեց այն փայլուն ծրագիրը, որի բովանդակությունը կարելի է շարադրել թերևս մեկ նախադասությամբ. ստեղծել այնպիսի ծուղակ, որտեղ Կրեմլի անհեռատես կոմունիստ ղեկավարները կայսերապետական փառասիրությամբ տառապելով կնետվեն զրոյական գումարի խաղի կանոններով և մոտ 10-20տարվա ընթացքում կմաշեն ու կվատնեն հզոր պետության բոլոր ռեսուրսները ու կհասնեն ինքնափլուզման եզրին: Ինչպես տեսանք 1989-90 թթ. ծրագիրն ավարտվեց Արևմուտքի հաղթանակով:
Հիմա ըստ էության: Երբ 90-ական թթ. զիջող ու ենթարկվող Ռուսաստանին փոխարինեց հակադրվող պուտինյան Ռուսաստանը, երբ պարզվեց, որ նավթի շատ բարձր գների հետևանքով շուրջ 10 տարի այստեղ կուտակվել են հսկայական ռեսուրսներ /ռազմական և տնտեսական/, երբ ակնհայտ դարձավ որ Արևմտյան ռազմական ու տնտեսական կառույցների ծավալումը կասեցնող ռուսական ուժ կա, նորից վերակենդանացավ <<ծուղակ>> գործողությունը: Կարելի է ենթադրել, որ սիրիական ճակատը գոհունակությամբ Ռուսաստանին թողնողները, ուկրաինական ճգնաժամի հսկայական բեռը Կրեմլին նվիրողները, որոնք օր-օրի խստացնում են պատժամիջոցները, իջեցնում են նավթի գները, պայմաններ են ստեղծում ռուսական ռեսուրսների փոշիացման համար:
Իրենք քանդեցին Ռուսաստանի դաշնակից հզոր Իրաքն ու Սիրիան, այժմ ռուսներին տանում են իրենց կողմից ծնված ու սնված ահաբեկիչներին վերացնելու ծախսատար ու երկարատև օպերացիաների իրականացման: Ռուսական հեռուստաընկերություններն էլ լցված են հրճվանքով լեցուն հաղորդումներով: Ռուսաստանի համար ծուղակ է սա: Միթե հզոր ՆԱՏՕ-ն, նրա տարածաշրջանային դաշնակիցները այնքան թույլ էին, որ չկարողացան Իսլամական պետության դեմ: Հիշենք. Սադամ Հուսեյնի մեկ միլիոնանոց արդիական բանակը ջախջախվեց մեկ ամսում: Հիմա էլ թալիբներն են ակտիվացել Աֆղանստանում: Վախենամ թե դա էլ նվիրեն Ռուսաստանին: Շատ կուզեի սխալված լինել իմ կանխատեսումների մեջ: Հայաստանի ռազմավարական դաշնակցի հզորության պահպանումը նաև մեր գոյության համար է կարևոր: Այնպես որ <<ծուղակ>> օպերացիային պետք է ուշադիր հետևել և ունենալ պահեստային դիրքորոշումներ քաղաքական իրադրության փոփոխման դեպքում:
Գարիկ Քեռյան
քաղաքագիտության պրոֆեսոր