Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում տեղադրվել է 1715 -րդ խաչը
CultureՍուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած Խաչադրման արարողություն. Սուրբ Խաչի վրա տեղադրվել է 1715 -րդ խաչը` խորհրդանշելով Քրիստոնյա Հայաստանի տարիքը:
1713, 1714-րդ խաչերի խաչքավորներ ՀՀ Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը 1715-րդ խաչը փոխանցել են խաչադրման խաչքավոր ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին: Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ, սկսվել է 1715-րդ խաչի օծման արարողությունը: Օծման արարողության ավարտից հետո, օծված խաչը հոգևոր դասի ու ժողովրդի ուղեկցությամբ հանԴիսավոր կերպով բարձրացվել է և խաչքավորի ձեռամբ ամրակցվել Սուրբ Խաչին:
Խաչադրման արարողության ողջ ընթացքում Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում ծովացած բազմության համար թևածել է հոգեւոր երաժշտությունը:
Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն իր խոսքում նորից հնչեցրել է Գրիգոր Տաթևացու մեկնությունը, որ` ՙքառաթև խաչը փրկություն է աշխարհի չորս ծագերի համար, սրբություն է հոգու չորս առաքինությունների համար, մաքրություն է մեղքերից, որոնք հարկ է տարածել մեր ներքին մարդու մեջ՝ սեր, խոնարհություն, հնազանդություն և համբերություն՚։
1715-րդ օծված խաչը Սուրբ Խաչի վրա ամրակցելուց հետո ողջույնի խոսք են ասել ՙՆիգ-Ապարան՚ հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, խաչքավորներ Հակոբ Հակոբյանը, Արմեն Երիցյանը, Վահրամ Բաղդասարյանը:
Համաժողովրդական տոնախմբությանը մասնակցել են հյուրեր սփյուռքից, Արցախից, հանրապետության մարզերից, մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, պետական բարձրաստիճան այրեր եւ հարյուրավոր քաղաքացիներ: