«Կոմիտաս» փառատոնի նախաձեռնողներն այն միջազգային դարձնելու նպատակ ունեն
Culture«Կոմիտաս» փառատոնի շրջանակում վարդապետի անունը կրող կամերային երաժշտության տանն անցկացվեց խմբերգային երաժշտության երեկո: Հոկտեմբերի 4-ի միջոցառմանը մասնակցեցին «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան), Երևանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան) և «Հովեր» պետական կամերային (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան) երգչախմբերը: Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի և այլ հայ կոմպոզիտորների գործերը:
«Կոմիտասը և առհասարակ հայկական երաժշտությունը միշտ ունի հանրահռչակման կարիք, և չկա մի մշակույթ, որ դադարի հանրահռչակման կարիք ունենալուց: Անընդհատ այն վերաթարմացնելու, տարբեր հարթակներում, միջավայրերում հնչեցնելու կարիք կա: Փառատոնն ուրիշ խնդիր էլ է դրել իր առջև` Կոմիտասին հնչեցնել բնագրային սկզբունքով, որպեսզի մենք սովորենք նրա արվեստը տարբերել այլ մշակումներից, փոխադրումներից»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կոմիտաս» փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նազոյանը: Նրա խոսքով` նպատակ կա, որ փառատոնը դառնա միջազգային և ընդլայնի ծրագրի ձևաչափը:
Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը նույնպես ցանկություն հայտնեց, որ փառատոնը դառնա միջազգային: «Մենք նախորդ փառատոնին էլ ենք մասնակցել: Այն ժամանակ միայն Կոմիտաս էր հնչում, գոհ եմ, որ այս տարի նաև ներկայացվում են այլ հայ կոմպոզիտորների գործեր»,-նշեց Հարություն Թոփիկյանը:
«Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը ընդգծեց, որ երգչախումբը միշտ ուրախությամբ է մասնակցել փառատոնին: «Շատ սիրում եմ այն սկզբունքը, որ առաջադրեց Մհեր Նավոյանը` այն է` հին ու նոր տոմարներով Կոմիտասի ծննդյան օրերի արանքում ընկած մեկ շաբաթվա ընթացքում հնչում են մաքուր, ճշգրիտ նոտագրված կոմիտասյան գործերը: Փառատոնը հավատարիմ է իր սկզբունքին»,-նշեց նա:
Կոմիտաս վարդապետի խմբերգային, մանկական, վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունները մի քանի օր շարունակ ներկայացվում են երաժշտասերների դատին: Սեպտեմբերի 26-ին`Կոմիտասի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Կոմիտաս» փառատոնը: Երկրորդ տարին անցկացվող փառատոնի մեկնարկին ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն`Ամենայն հայոց մաեստրո Հովհաննես Չեքիջյան ղեկավարությամբ: Նրանք ներկայացրին Կոմիտասի «Պատարագ»-ը:
Փառատոնի նախաձեռնողներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Այն կտևի մինչև հոկտեմբերի 8-ը: Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական ազգային ակադեմիական (գեղարվեստական ղեկավար` Հովհաննես Չեքիջյան), «Հովեր» (գեղարվեստական ղեկավար` Սոնա Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային երգչախմբերի (գեղարվեստական ղեկավար`Հարություն Թոփիկյան), «Գեղարդ» երգեցիկ խմբի (գեղարվեստական ղեկավար` Մհեր Նավոյան), ինչպես նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն), դաշնակահարներ՝ Սվետլանա Նավասարդյանը, Հայկ Մելիքյանը, Արմեն Աղաջանյանը: Բացի այդ, «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի դափնեկիր-երգչախմբերի կատարմամբ կհնչեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: