ԱՄՆ-ում մոլեգնող հեղեղումներն արդեն ութ մարդու կյանք են խլել
SocietyԱՄՆ-ի Հարավային ու Հյուսիսային Կարոլինայի նահանգներում տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է ութի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հոկտեմբերի 4-ին հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները:
Նրանց տվյալներով՝ վերջին չորս օրում վեց մարդ է զոհվել Հարավային Կարոլինայում, նրանցից հինգը եղանակային պայմանների պատճառով տեղի ունեցած ավտովթարների զոհ են դարձել: Հեղեղումների հետեւանքով երկու մարդ կյանքից զրկվել է Հյուսիսային Կարոլինայում:
Այդ նահանգներում տեղատարափ անձրեւները պայմանավորված էին Ատլանտյան օվկիանոսում մոլեգնող «Հոակին» փոթորկով: Հարավային Կարոլինայի իրադրությունն ավելի ծանր է: Օդերեւութաբանների տվյալներով՝ այդ նահանգների շրջաններից մեկում վերջին մեկ օրվա ընթացքում արդեն շուրջ 450 միլիմետր տեղումներ են գրանցվել, առաջիկա ժամերին կտեղա եւս 50 միլիմետրից մինչեւ 150 միլիմետր: Ինչպես հայտարարել է Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիքի Հեյլին, նման հորդառատ անձրեւներ այս տարածաշրջանում հազար տարին մեկ են լինում:
Նահանգում առանց էլեկտրականության է մնում ավելի քան 30 հազար մարդ: Ջրամատակարարումը խախտված է նահանգի 375 հազար բնակիչների տներում:
Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրություն է հայտարարել Հարավային Կարոլինայում, ինչը թույլ է տալիս նահանգին լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալ, ինչպես նաեւ փրկարար աշխատանքներում ներգրավել ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի մարտիկներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: