Ռուբեն Հայրապետյանը ցավակցական ուղերձ է հղել Հովհաննես Զանազանյանի մահվան կապակցությամբ
SocietyՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցավակցական ուղերձ է հղել Հովհաննես Զանազանյանի մահվան կապակցությամբ: «Հանրահայտ ֆուտբոլիստ, ԽՍՀՄ և միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն և կրկնակի գավաթակիր, «Արարատի» լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի մահը մեծ կորուստ է հայկական ֆուտբոլի համար: Ողջ կյանքը նվիրելով ֆուտբոլին, Հովհաննես Զանազանյանը փառավոր էջեÖ € է գրել ֆուտբոլի պատմության մեջ՝ իր օրինակով և կենսագրությամբ կերտելով պրոֆեսիոնալ մարզիկի, նվիրյալ անհատականության, ճշմարիտ մարդու վառ կերպար: Հայկական ֆուտբոլի զարգացման ու փառքի բազում տարիներ անժխտելիորեն կապված են Հովհաննես Զանազանյան ֆուտբոլիստի անվան և գործի հետ: Մեծ է Հովհաննես Զանազանյանի ավանդը մեր ֆուտբոլի փառահեղ հաղթանակներում, մեր ժողովրդի սիրելի «Արարատի» վերելքներում, և պատահական չէ, որ Հովհաննես Զանազանյանի անվան հետ է զուգակցվում «Արարատի» լեգենդար ավագ տիտղոսը՝ շնորհված ժողովրդի կողմից: Նրա ֆուտբոլ ը ոգևորության, երջանկության և հպարտության բազում պահեր է պարգևել մեր երկրին և մեր ժողովրդին: Հովհաննես Զանազանյանն անուրանալի ավանդ ունեցավ նաև նորանկախ Հայաստանի ֆուտբոլի զարգացման գործում՝ իր փորձն ու գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, իր պրոֆեսիոնալ և մարդկային որակները անմնացորդ ծառայեցնելով նորանկախ Հայաստանի ֆուտբոլի զարգացմանը, նոր ֆուտբոլային սերնդի դաստիարակությանը: Շատերի համար էր մեծ բարեբախտություն մարզվել և խաղալ իրենց երբեմնի կուռքի, հայկական ֆուտբոլի լեգենդի ղեկավարության ներքո: Խորապես ցավակցում եմ Հովհաննես Զանազանյանի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի բազմահազար երկրպագուներին: Հովհաննես Զանազանյանի անունն ու գործը մշտապես կմնա սերունդների հիշողության մեջ, քանի որ այն այլևս անքակտելիորեն շաղկապված է հայկական ֆուտբոլի պատմության հետ»,-Արմենպրես-ի հաղորդմամբ, ասված է ցավակցական ուղերձում:
Հովհաննես Զանազանյանը ծնվել է 1946 թվականին: «Արարատի» հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1973), փոխչեմպիոն (1971) գավաթակիր (1973, 1975), իսկ Խորհրդային Միության հավաքականի կազմում՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 1971 և 1973 թվականներին ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում: Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, Հայաստանի երիտասարդական հավաքականը, «Բանանցը» և մի շարք այլ թիմեր: