«Էրեբունիից Պերսեպոլիս. ուրարտական և աքեմենյան մշակույթների հանգույցում» ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 26-ը
CultureՍեպտեմբերի 26-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանում բացվեց «Էրեբունիից Պերսեպոլիս. ուրարտական և աքեմենյան մշակույթների հանգույցում» ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում՝ Իրանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համատեղ ջանքերով: Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը, իր խոսքում կարևորելով այս եզակի ու ինքնատիպ ցուցադրությունը, ընդգծեց, որ այս ցուցահանդեսը նաև լավ առիթ է երկու եզակի հնավայրերի մշակութային կարևորությունն ու նշանակությունն ընդգծելու, դրանց պահպանության և նոր նախագծեր իրականացնելու շուրջ մտորելու համար:
Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը և ցուցահանդեսի բացումը ողջունեցին Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի հայաստանյան միջոցառումների ազգային համակարգող Գոհար Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը, Երաժշտագիտական գրադարանի տնօրեն Գուլիկո Նահատակյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած ԻԿՕՄ-ի տնօրեն Սայեդ Մուհամեդ Բեհեշթին և Գործադիր խորհրդի անդամ Ալիրեզա Ղոլինեժադը, ինչպես նաև Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը:
Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց «Վանի տարածաշրջանի ժողովրդական երգարվեստը» խորագրով համերգը՝ Երաժշտագիտական գրադարանի երգչախմբի փայլուն կատարումներով: Թանգարանի այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտեցին նաև Պերսեպոլիսի մասին ֆիլմը, որից հետո անցկացվեցին դասախոսություններ Էրեբունիի և Պերսեպոլիսի վերաբերյալ: Օրվա թերևս ամենահիշարժան պահը Իրանի և Հայաստանի միջև նոր մշակութային համագործակցության հուշագրի ստորագրումն էր, որն իրականացրեցին Իրանի ԻԿՕՄ-ի, Հայաստանի ԻԿՕՄ-ի և Հայաստանի ԻԿՕՄՕՍ-ի ազգային կոմիտեների նախագահները: