ՀՀ ԿԲ փոխնախագահը շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքների նվազում է կանխատեսում
EconomicsՏնտեսության բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգընթաց, շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները աստիճանաբար կնվազեն՝ ձևավորվելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի շուրջ, ինչով էլ վերջինս կրկին կստանձնի շուկայում իր ուղղորդիչ դերը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ Կենտրոնական բանկի 2014թ. դրամավարկային քաղաքականության հաշվետվության քննարկմանը հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 12-ամսյա գնաճը գերազանցել էր սպասելիքները` պայմանավորված տարեվերջին արտարժութային հոսքերի կտրուկ նվազման և ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությամբ, դրամի արժեզրկման ու գնաճային միջավայրի ընդլայնման դրսևորումներով` Կենտրոնական կանկը ստեղծված իրավիճակին արձագանքեց կտրուկ գործողություններով: Մասնավորապես, նոյեմբերի վերջից լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.25 տոկոսից բարձրացվեց 21.0 տոկոսի, այնուհետեւ դեկտեմբերի կեսից բարձրացվեց արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման նորման` 12.0-ից մինչև 24.0 տոկոս»,- ընդգծեց նա:
ԿԲ-ի կողմից ֆինանսական շուկայի պայմանների խստացմանը շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքներն արձագանքել են կտրուկ աճով՝ ձևավորվելով ԿԲ լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքի շուրջ, ինչի արդյունքում ֆինանսական շուկայի ուղղորդիչ տոկոսադրույքի դերը ստանձնել է լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը:
«Նշված քայլերի արդյունքում դեկտեմբերի վերջին արժութային եւ ապրանքային շուկաներում նկատվեցին որոշակի կայունացման միտումներ, որին Կենտրոնական բանկի համապատասխան արձագանքը եղավ ինչպես արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվի սահմանաչափի, այնպես էլ լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքի համապատասխանաբար 24.0 տոկոսից 20.0 տոկոսի և 21.0 տոկոսից 20.0 տոկոսի իջեցումը:
Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը ԿԲ-ն շարունակել է իջեցնել նաեւ 2015 թ. սկզբին՝ հասցնելով 14.5 տոկոսի, ինչն անմիջականորեն ուղղորդել է շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները` նվազման ուղղությամբ»,- հայտնեց Երիցյանը:
Միևնույն ժամանակ, հետագա գնաճային ճնշումները մեղմելու և գնաճային սպասումները նպատակային ցուցանիշի շուրջ խարսխելու նկատառումով, ԿԲ-ն դեկտեմբերի վերջին 1.75 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այս գործընթացը շարունակել է նաև 2015 թ. սկզբին՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով մինչև 10.5 տոկոս, որն արտացոլում էր զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի եւ տոկոսադրույքների աճի միտումներն` ավելի երկարաժամկետ հատվածում: