ԵՏՀ-ն ԵԱՏՄ անդամներին կոչ է անում աշխատել ընդհանուր ֆինանսական շուկայի գործառնության մեխանիզմի ձևավորման վրա
Economics«Սոչի 2015» միջազգային ներդրումային համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Տիմուր Սուլեյմանովը հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրների ընդհանուր ֆինանսական շուկայի գործառնության մեխանիզմների ձևավորման շուրջ աշխատանքներն անհրաժեշտ է սկսել արդեն այժմ:
Այս մասին հայտնում է ԵՏՀ հաղորդագրությունը:
«Հարկ ենք համարում «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի հիմքի վրա ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմի մեջ կմտնեն անկախ փորձագետներ, ովքեր կաշխատեն ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ֆինասնական շուկայի գործառնության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ»,- իր ելույթում նշել է հանձնաժողովի ներկայացուցիչը:
Համաձայն ԵԱՏՄ պայմանագրի` անդամ պետությունները պետք է ավարտեն ֆինանսական շուկաների ոլորտում օրենսդրությունների ներդաշնակեցումը 2025-ին և որոշում ընդունեն ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային մարմնի գործառույթների և լիազորությունների վերաբերյալ:
Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից պատրաստվել են երկու առանցքային համաձայնագրեր` Ֆինանսական շուկաներում գործունեության իրականացման պահանջների մասին համաձայնագիրն ու ֆինանսական շուկաներում կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական ոլորտում տեղեկատվության, այդ թվում` գաղտնի, փոխանակման մասին համաձայնագիրը:
Ներկայում Հանձնաժողովը ազգային ներկայացուցիչների հետ մշակում է օրենսդրության ներդաշնակեցման ծրագիրը: