1800-ից ավելի գաղթականներ են փրկվել Լիբիայի ափերի մոտ. AFP
SocietyԼիբիայի ծովափից ոչ հեռու հոկտեմբերի 5-ին փրկվել են 1830-ից ավելի գաղթականներ, որոնք փորձում էին հասնել Եվրոպայի ափեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրրես-ը, հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Իտալիայի առափնյա պահպանության ծառայությանը:
Գործակալության տվյալներով՝ գաղթականները փորձում էին Եվրոպա հասնել վեց նավերով: Փրկարար գործողությանը, ինչպես նշվում է, մասնակցել են Իտալիայի, Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի նավերը:
Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից Եվրոպա հասնել փորձող գաղթականների թիվն անշեղորեն աճում է: Ըստ տարբեր տվյալների՝ այս տարվա ութ ամսվա ընթացքում ավելի քան 300 հազար մարդ է փորձել Միջերկրական ծովով հասնել ԵՄ-ի երկրներ այն դեպքում, երբ ամբողջ անցյալ տարվա ընթացքում նրանց թիվը 219 հազար էր: Նրանցից 2,5 հազարի համար այդ ճամփորդությունն ավարտվել է ողբերգությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: