Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել է ԵԱՏՄ տնտեսության մակարդակի բարձրացման ուղիները
Economics«Սոչի-2015» միջազգային ներդրումային համաժողովի ժամանակ Եվրասիականտնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամՌոբերտ Հարությունյանը ներկայացրել է այն ուղիները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել ԵԱՏՄ տնտեսության մակարդակը: Այս առնչությամբ Հարությունյանը կարեւորել է արտադրության զարգացման անհրաժեշտությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես-ը վկայակոչելով ԵԱՏՄ հանձնաժողովի պաշտոնական կայքը, Հարությունյանը շեշտել է, որ ներկա դրությամբ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական աճի վերականգնումը հնարավոր է ներքին ռեսուրսների եւ արտաքին պահանջմունքների հիման վրա: Այդ աշխատանքի հիմնական ուղղությունը պետք է դառնա տնտեսության դիվերսիֆիկացիան: Անհրաժեշտ է բարելավել առեւտրային հաշվեկշիռն ու նաեւ իրականացնել նորարարական քաղաքականություն:
«Այս ուղղությունները պետք է հաշվի առնեն մի շարք դրույթներ, հանգամանքներ, որոնք թույլ կտան մեծացնել բնակչության եկամուտներն ու սպառողականությունը, կնպաստեն նոր տեսակի արտադրությունների համար ներդրումներին, ինչի համար անհրաժեշտ է, որ պաշտպանվեն ներքին շուկայի մեխանիզմները»,- ասել է Հարությունյանը` հավելելով, որ ձեռնարկատերը պետք է վստահ լինի պետության երկարաժամկետ քաղաքականության հարցում:
Հարությունյանի գնահատմամբ, արտադրական արդյունաբերության զարգացումը եւ անդամ երկրների ՀՆԱ-ի աստիճանական բարձրացումը նախ կստեղծի առավելագույն ավելացված արժեք, նաեւ խթան կհանդիսանա ԵԱՏՄ տնտեսությունում նոր տեխնոլոգիական լուծումների եւ նորարարական զարգացումների համար: