Հայաստանյան ճարտարապետական ներկա խառնաշփոթը բնական է անցումային երկրի համար. Մկրտիչ Մինասյան
SocietyԱյսօրվա հայաստանյան ճարտարապետական խառնաշփոթը բնական է անցումային երկրների համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Ցավոք, այսօր մենք ապրում ենք անցումային շրջանում, և ինչպես բոլոր այլ վայրերում, կարգերի փոփոխության հետ մեկտեղ առաջանում է խառնաշփոթ: Հիմա էլ, չնայած տիրող խառը իրադրության, երբեմն առկայծում են լավ ճարտարապետության նմուշներ, սակայն դրանց ծավալները քիչ են», - նշեց Մկրտիչ Մինասյանը:
Ճարտարապետների միության նախագահը փաստեց, որ ճարտարապետությունը շատ թանկ մասնագիտություն է, շատ հարուստ երկրի համար: Ու թեպետ մենք երբեք հարուստ չենք եղել, որ կարողանանք ստեղծել գոթական տաճարներ, սակայն հայկական ճարտարապետությունը, նույն Կարմրավոր եկեղեցու օրինակով, կարողացել է ստեղծել հրաշալի օրինակներ: Այդ իսկ առումով նա կարևորեց այն հանգամանքը, որ քիչ միջոցներով Հայաստանում կարող ենք և պետք է շարունակենք կարողանալ ստեղծել այն ճարտարապետությունը, որը մեզ մոտ է և հարազատ:
«Այսօր ճարտարապետներն աշխատում են իրենց ուժերի սահմաններում: Շատ ճարտարապետներ Հայաստանում առերեսվում են ներդրողների քմահաճությանն ու սեփական ճաշակի թելադրմանը: Դրա արդյունքում վերջիններիս թվում է, թե գումար ներդնելիս հենց իրենք են նախագծի հեղինակը: Արդյունքում հաշվի չեն առնվում քաղաքի շահերը, ճարտարապետությունը, և այս կամ այն երկրում տեսածի` կատակերգության աստիճանի հասցված տարբերակով ցանկանում են կառուցել այստեղ, ինչն անթույլատրելի է», - նշեց Մկրտիչ Մինասյանը:
Ճարտարապետը հույս տայտնեց, որ հեռու չեն ժամանակները, երբ տիրող իրավիճակը կհանդարտանա, և նշված խառնաշփոթը կփոխարինվի կարգ ու կանոնով: