Արմեն Երիցյանն Արագածոտնում ծանոթացել է հրատապ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին
SocietyՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Այցի նպատակն է եղել ծանոթանալ ՀՀ կառավարության թիվ 766 որոշմամբ նախատեսված հրատապ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, շրջայցի ընթացքում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ ն ախարարը ծանոթացել է Կարբիի ճանապարհի հիմնանորոգման, Արտաշավանի մշակույթի տան վերանորոգման, Քուչակի սպորտային դահլիճի նորոգման, Օշականի փողոցային լուսավորության շինարարության աշխատանքների ընթացքին: Նախարարն այցելել է նաև Ագարակի բուժամբուլատորիա, Ապարանի Արվեստի դպրոց, ինչպես նաև ծանոթացել է Ապարանի թիվ 13 և թիվ 22 շենքերի տանիքների հիմնանորոգման արդյունքներին:
Կարբի գյուղի ճանապարհի վերանորոգումը մեծ նշանակություն ունի գյուղի զարգացման համար. այն միացնում է գյուղի գլխավոր թաղամասը պետական մայրուղու հետ` ապահովելով գյուղի կենսունակությունը: Արտաշավանում նախարարն այցելել է հիմնանորոգվող մշակույթի տունը: Նախկինում մշակույթի տուն չունեցող Արտաշավանի համար սա մեծ հնարավորություն է զարկ տալու գյուղի մշակութային առօրյայի զարգացմանը. գյուղապետարանը, մասնավորապես, նախատեսում է մշակույթի տանը երեխաների համար նկարչական խմբակ հիմնել։
ՏԿԱԻ նախարարի հաջորդ կայանը Քուչակ գյուղի մարզադահլիճն է եղել, որի հատակը հիմնովին վերանորոգվել և հարմարեցվել է տարբեր սպորտաձևերում մարզումներ իրականացնելու համար։ Քուչակի մարզադահլիճում մարզվում են 120 երիտասարդ մարզիկներ, որոնցից շատերը մեծ հաջողությունների են հասել տարբեր մարզաձևերում։ Շնորհակալություն հայտնելով գյուղի բարեկարգմանն ուղղված ծրագրերի իրականացման համար` Քուչակի գյուղապետ Հովհաննես Ամիրյանը նախարար Երիցյանին խնդրել է աջակցել նաև մարզադահլիճի համար մարզասարքեր ձեռքբերելու հարցում։ Նախարարը գյուղապետին խոստ ացել է հարցը քննարկել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ։
Արագածոտնի մարզի Ապարան գյուղում մարզպետ Սարգիս Սահակյանը ՏԿԱԻ նախարարին է ներկայացրել թիվ 13 և թիվ 22 շենքերի տանիքների հիմնանորոգման արդյունքները, ինչից հետո նախարար Երիցյանն այցելել է Ապարան համայնքի Արվեստի դպրոց, որտեղ ծանոթացել է դպրոցի սաների աշխատանքներին։
Օշական համայնքում Արմեն Երիցյանը ծանոթացել է համայնքի լուսավորության ապահովման համար իրականացվող աշխատանքներին։ Օշականի համար նախատեսվում է շուրջ 2,5 կմ լուսավորություն, ինչը Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրը հանդիսացող գյուղին անհրաժեշտ է տեղի զբոսաշրջությունը խթանելու նպատակով։
ՏԿԱԻ նախարարի Արագածոտնի մարզ այցելության վերջին կայանը Ագարակի բուժամբուլատորիան է եղել, որտեղ մարզպետը նախարարին ներկայացրել է ամբուլատորիայի վերանորոգման արդյունքները և ընթացիկ խնդիրները։
Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների վերաբերյալ` նախարար Երիցյանը նշել է, որ կառավարությունում քննարկման կներկայացնի նաև մարզի առկա ընթացիկ խնդիրները` դրանց փուլ առ փուլ լուծում տալու նպատակով։