Մեր ջերմ ու բարի մայրաքաղաքի տոնը հերթական անգամ կվերածվի լիարժեք տոնախմբության. Սերգեյ Մկրտչյան
Society-Պարոն Մկրտչյան, շուտով մայրաքաղաքի ծննդյան օրն է: Դուք, որպես Երևանի բնակիչ, ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել այն:
-Կարծում եմ յուրաքանչյուր երևանցի մի առանձնահատուկ զգացումով է պատրաստվում այդ օրվան ու այդ օրը յուրաքանչյուրը յուրովի է ուրախանում: Անձամբ ես ամեն տարի հպարտության զգացումով եմ լցվում, որ Հռոմից էլ հին մեր մայրաքաղաքը այսօր երիտասարդական ավյունով առլեցուն, հավասարի իրավունքով իր կայուն տեղն ունի աշխարհի առաջադեմ մայրաքաղաքների շարքում:
-Դուք նաև մայրաքաղաքի այսպես ասած օրենսդիր մարմնի՝ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավարն եք: Պետք է փաստենք, որ մեր հասարակության գերակշիռ մասը այնքան էլ հստակ չի պատկերացնում, թե ո՞րն է ավագանու դերը Երևանի ու երևանցու համար: Դուք ավելի պարզ ինչպե՞ս կձևակերպեք այդ դերը:
Եթե պարզ ասելու լինենք, ապա Երևանի ավագանին այն մարմինն է, որի ամբողջ գործունեությունը հենց Երևանի և երևանցու բարօրությանն է ուղղված: Նիստերում քննարկվող հարցերի ու ընդունվող որոշումների նպատակը բացառապես մեկն է. Երևանը դարձնել ավելի լավը, գեղեցիկ ու հարմարավետ մեր բնակիչների, նաև մայրաքաղաքի հյուրերի համար: Թերևս սա է ամենապարզ ձևակերպումը:
-Իսկ մայրաքաղաքի ծննդյան տոնակատարության հետ կապված ըստ Ձեզ ինչպիսի՞ն է Երևանի ավագանու ընդհանրական վերաբերմունքը:
Այս հարցին թերևս արժե պատասխանել հետևյալ տեսանկյունից, որ յուրաքանչյուր տարի մայրաքաղաքի բյուջեի քննարկման, այնուհետ նաև հաստատման ժամանակ չեմ հիշում դեպք, որ Երևանի ավագանու որևէ անդամ դեմ արտահայտվի «Էրեբունի-Երևան»-ը նշելուն ուղղված ծախսերի դեմ: Եվ, ընդհանրապես, իմ խորին համոզմամբ, մեր մայրաքաղաքն արժանի՛ է, որ իր տոնը նշվի մեծ շուքով:
Պետք չէ մոռանալ, որ Երևանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ շուրջ 10 մլն հայերի, համայն հայության մայրաքաղաքն է: Ու համոզված եմ, որ աշխարհասփյուռ մեր հայրենակիցները նաև այդ օրվա ու այդ տոնի ողջ ջերմությունից են որոշակիորեն առնում հայրենիքի կարոտը: «Էրեբունի-Երևան»-ը նաև ևս մեկ առիթ է համայն հայության երազանքն ու ցանկությունները մեկտեղելու և, ինչու չէ, ուրախանալով ու տոնելով, նաև մտորելու մեր երազանքների իրականացման ուղղությամբ:
Չմոռանանք, որ տոնի առիթով մայրաքաղաքը հազարավոր մարդկանց է հյուրընկալում, այդ թվում նաև բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների, որոնցում քիչ չեն գործարար շրջանակների ներկայացուցիչները: Ու այս տեսանկյունից տոնը նաև լավ առիթ է գործնական ու գործարար հարցեր քննարկելու համար:
Եվ, ընդհանրապես, շուրջ 3000-ամյա մեր քաղաքի բնակիչները վաստակե՛լ են սեփական քաղաքի տոնը մեծ շուքով նշելու իրավունքը, որովհետև Երևանը բոլորինս է ու նրա ծննդյան օրը հավասարազոր է յուրաքանչյուրիս ծննդյան օրվան: Ու ես վստահ եմ, որ ինչպես և նախորդ տարիներին, այս տարի էլ մեր համաքաղաքացիները մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ կմասնակցեն միջոցառումներին և մեր ջերմ ու բարի մայրաքաղաքի տոնը հերթական անգամ կվերածվի լիարժեք տոնախմբության:
Աղբյուր՝ Slaq.am