Մասնագետները կարևորում են Խոր Վիրապ ջրաճահճի վերականգնման նոր հնարավորությունները
SocietyՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի Վեդու գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստանի խոնավ տարածքներ. արժեքները, սպառնալիքները և գործողությունների ուղղությունները (Ռամսարի տարածք. Խոր Վիրապ ջրաճահճի վրա հատուկ շեշտադրմամբ)» խորագրով միջազգային սեմինարը:
Ինչպես տե ղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության, Ռամսարի կոնվենցիայի քարտուղարության, Գիտությունների ազգային ակադեմիայի, Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության, հասարակական կազմակերպությունների, համայնքների և հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը բացման խոսքում նկատել է, որ սեմինարի նպատակն է ջրաճահճային հանդակների կողմից ապահովվող էկոհամակարգային ծառայությունները լավագույն ձևով կատարելագործելու և օգտագործելու հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելը և փորձի փոխանակումը:
Հայաստանում Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ճենտերեճյանը ներկայացրել է Հայաստանի ջրաճահճային հարթակների ներկայիս վիճակը: Ներկայացվել են նաև Ռամսարի կոնվենցիայի Կողմերի 12-րդ կոնֆերանսի արդյունքները:
Ելույթներով հանդես են եկել Ռամսարի կոնվենցիայի քարտուղարության Եվրոպայի ավագ խորհրդատու Թոբիաս Սալաթյեն, Լիբանանում բնության պաշտպանության միության ներկայացուցիչ Թալա Մուկադեմը: «Խոր Վիրապ ջրաճահիճ. Ռամսարի տարածք` արժեքները, վտանգները և արժեքների վերականգնելու անհրաժեշտությունը» թեմայով զեկույցով հանդես է եկել Ռամսարի CEPA ազգային ՀԿ համակարգող Սուսաննա Հակոբյանը:
Քննարկումների արդյունքում մասնակիցները եկել են այն եզրակացության, որ Խոր Վիրապ ջրաճահճի վերականգնումը կարևոր է և իրատեսական, սակայն տարածքի հիդրոլոգիական վիճակի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Թոբիաս Սալաթյեն հայտնել է, որ հարցը կքննարկվի Ռամսարի կոնվենցիայի քարտուղարությունում` լրացուցիչ ներդրումներ ապահովելու նպատակով:
Սեմինարի մասնակիցները այցելել են նաև «Խոր Վիրապ» պետական արգելավայրի Հրազդան-Արաքս-2 կոլեկտոր, որտեղ նաև դիտարկել են ջրային թռչունների երեկոյան թռիչքը: