Դիակային դոնորի փոխպատվաստում Հայաստանում մինչ օրս չի արվել. փոխնախարար
SocietyԻնչպես հայտնում է Orer.am-ը, այսօր Ազգային ժողովում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ առոջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ բժշկագիտությունը չի կարող զարգանալ առանց փոխպատվաստման, ինչը շատ կարեւոր ուղղություն է:
«Փոխպատվաստումներն ամբողջ աշխարհում կարեւորագույն դեր են խաղում մարդկանց առողջության պահպանման համար: Մենք հարյուր, անգամ հազարների հասնող մարդիկ ունենք, որոնք փոխպատվաստման կարիք ունեն:
Այդ մարդիկ իրենց կարիքները շատ հաճախ կարողանում են լուծել ոչ մեր կրում, ինչը մեզ համար անընդունելի է: Մենք ուզում ենք զարգացնել փոխպատվաստման ուղղությունը եւ լուծել մեր կարիքավոր բնակիչների առողջական խնդիրները»,- ասաց նա:
Ինչպես նշեց փոխնախարարը, մարդ, անկախ իր կրոնից, զբաղեցրած դիրքից, սոցիալական վիճակից եւ այլ հանգամանքներից, պետք է պատրաստ լինի իր օրգանը նվիրաբերել կարիքավոր անձի: Հասարակության մեջ մենք պետք է ձեւավորենք այս մտածելակերպը: Խոսելով նաեւ կենդանի եւ դիակային դոնորների փոխպատվաստման մասին, փոխնախարարը նշեց, որ դիակային դոնորի փոխպատվաստում Հայաստանում մինչ օրս չի արվել:
«Իսկ կենդանի դոնոր հեշտ է գտնել հարազատների մեջ, որովհետեւ գենետիկ կառուցվածքով ավելի մոտ են հիվանդի հարազատները»,- ասաց նա: Խոսելով հարցի օրենսդրական կարգավորման մասին` Ս. Խաչատրյանը ասաց, որ, անընդհատ ճշգրտումներ անելով եւ ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը, «պետք է մոտենալ մեր ուզած տարբերակին»:
Իսկ թե արդյոք Հայաստանում կան համապատասխան միջոցներ մասնագետներ փոխպատվաստման համար, փոխնախարարը նկատեց. «Մենք ունենք շատ հզոր առողջապահական հիմնարկներ, ունենք նաեւ լուրջ լաբորատոր դիագնոստիկ հնարավորություններ: Մենք ունենք այն մասնագետները եւ ներուժը, որ անհրաժեշտ է գործը գլուխ բերելու համար: Մենք ամեն ինչ անում ենք, որ այս հարցը Հայաստանում իր լուծումը ստանա»:
Սոսե Չանդոյան