Սահմանային բնակավայրերին վերաբերվող երեք կարեւոր որոշում մեկ նիստում
SocietyԱդրբեջանի հետ ամենամեծ սահմանն ունեցող եւ այդ պատճառով մշտական գնդակոծության տակ ապրող մարզը Տավուշի մարզն է: Այս մարզի գյուղերն են հիմնականում ընդգրկված սահմանային այն ավելի քան 3 տասնյակ բնակավայրերի ցանկում, որոնց համար կառավարության որոշմամբ սահմանվել են հարկային արտոնություններ, բնակիչների կոմունալ վճարումների մի մասը վճարվում է պետական բյուջեից, գյուղացիներն ազատված են հողի հարկի եւ ոռոգման ջրի վարձավճարներից:
Շատ է սա, թե քիչ այդ բնակավայրերի համար, բայց միանշանակ է, որ լուրջ նյութական եւ բարոյական աջակցություն է այս բնակավայրերի բնակիչների համար, ինչը չի եղել տարիներ շարունակ եւ միայն վերջին մեկ տարվա ընթացքում է սկսվել իրականացվել:
Ավելին, կյանքը ցույց է տալիս, որ սահմանային բնակավայրերի խնդիրները, առանց ավելորդ պաթոսի, իսկապես գտնվում են պետության առաջնահերթ ուշադրության ներքո: Հայասստանի կառավարության միայն մեկ նիստում, անցած հինգշաբթի, միանգամից երեք կարեւոր որոշում է ընդունվել, որոնք առնվում են սահմանամերձ բնակավայրերին:
Մասնավորապես, սեպտեմբերին ադրբեջանական գնդակոծությունից բավականաչափ տուժել էին մի քանի գյուղերի բնակիչներ` վնասվել էին տներ, ավոտեմեքեաններ եւ այլն: Տուժած բնակիչների վնասների փոխհատուցման նպատակով կառավարության պահուստային ֆոդնից Տավուշի մարզպետարանին հատկացվեց ավելի քան 66 մլն դրամ, ինչը պետք է ուղղվի վնասված գույքի վերականգնմանը կամ փոխհատուցմանը: Ընդ որում, ինչպես նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հարցին արագ լուծում տալու հանձնարարական է տվել երկրի նախագահը: Ավելացնենք, որ պետության կողմից գնդակոծություններից տուժածներին տրվող փոխհատուցումը սահմանամերձ համայնքների նկատմամբ տարվող քաղաքականության բաղադրիչներից է:
Տավուշի մարզի մի քանի գյուղերի բնակչության կենսագործունեության եւ հարմարավետ տեղաշարժի առումով մեկ այլ` լուծում պահանջող խնդիր էր Պտղավան համայնքում Դեբեդ գետի վրա նոր կախովի կամրջի կառուցումը, որի համար էլ կառավարությունը պահուստային ֆոնդից 25 մլն դրամ հատկացրեց: Եվ վերջապես, երրորդ որոշումը, որը լրացում էր «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում եւ որը հավանության արժանացավ կառավարության նիստում:
Ըստ այդ փոփոխւթյան, նախատեսվում է տարանջատել սահմանամերձ համայնքներում արտադրական և առևտրային գործունեություն ծավալող ընկերություններին տրամադրվող արտոնությունները:
Մասնավորապես, արտադրական գործունեություն իրականացնող ընկերություններին արտադրության կազմակերպման և արտադրամասերի կառուցման համար ձեռք բերված (ներմուծված) ապրանքների համար ԱԱՀ-ի մասով արտոնություններ կտրամադրի, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացման եւ մարդկանց զբաղվածության ապահովման համար: Այսինքն, հարկ է արձանագրել, որ սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ տարվող պետական քաղաքականությունը շարունակական է, իսկ դրա արդյունավետությունը շատ ավելի նկատելի կլինի առաջիկայում: