Հայերենն ինձ համար ընտանեկան լեզու է. Շառլ Ազնավուրը երգեց, պարեց ու բեմից թաշկինակ նետեց հայ երկրպագուներին
CultureՆա լի է կյանքով, առույգ է ու անդառնալիորեն սիրահարված երաժշտությանն ու երգին. ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված իր բացառիկ համերգի ընթացքում ևս մեկ անգամ հիացրեց հայ ունկնդրին:
«Առաջին անգամ է, որ մի քանի խոսք պետք է ասեմ: Մեր լեզուն` հայերենը, ինձ համար ընտանեկան լեզու է: Ավելի դժվար է ստացվում, դրա համար եմ ֆրանսերեն խոսում: Ավելի հեշտ է ինձ համար: Չգիտեմ` հայերեն ո՞ր լեզվով կարող եմ խոսել. հո՞րս լեզվով, ով թիֆլիսցի է, մո՞րս լեզվով, ով ստամբուլցի է: Ֆրանսիայում միայն ֆրանսիացի են»,- համերգի մեկնարկին նշեց Շառլ Ազնավուրը: Հայ ունկնդիրը երգչին դիմավորեց անվերջ ծափերի ներքո և հոտնկայս:
Մեծ Շառլը երևանյան բեմում կատարեց հին ու նոր երգեր, այդ թվում` ամենահայտնի «Sa Jeunesse», «Avé Maria», «La Bohème», «Hier encore», «Les deux guitares», «Avec un brin de nostalgie» գործերը: Երգիչն իր երևանյան համերգի ընթացքում պատմում էր երգերի մասին, կատակներ անում, որոշ երգեր կատարում էր կանգնած, մյուսներն էլ` նստած:
91-ամյա երգիչը շատ էմոցիոնալ էր, ակտիվ. նույնիսկ պարեց իր երկրպագուների համար: «La Bohème»-ը երգելիս նա իր թաշկինակը նետեց բեմից, և շատ երկրպագուներ շտապեցին այն վերցնել:
Բազմաթիվ բեմեր ու հանդիսականների ծնկի բերած արտիստը ծաղիկների պակաս չզգաց. ծաղիկներ հանձնելիս երկրպագուներից մեկն անգամ համբուրեց Շառլ Ազնավուրին:
Բազմաթիվ երկրպագուների, այդ թվում` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համար Ազնավուրի համերգը սպասված էր: «Երբ ասում են Ազնավուր, առաջին հերթին խոր հպարտության, բացի այդ, բարձր արվեստի ու բարձր պրոֆեսիոնալիզմի զգացում է առաջանում: Փառք Աստծո, որ մենք հնարավորություն ունենք հաղորդակից լինելու նրա արվեստին: Ազնավուրի ցանկացած երգ գլուխգործոց է»,-լրագրողների հետ զրույցում նշեց Հասմիկ Պողոսյանը: