«Խոսող խաղալիք» խորագրի ներքո Երևանում անցկացվեցին մանուկների համար միջոցառումներ
Society«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում Կիրովի անվան զբոսայգում յուրահատուկ մանկական տոն էր: Հոկտեմբերի 11-ին զբոսայգում անցկացվեց «Խոսող խաղալիք» մանկական տիկնիկային զվարճալի ծրագիրը:
«Ամեն ինչ երեխաների համար է կազմակերպված`խաղ, նկարչություն, խեցեգործություն, երգ, պար, ծաղրածուներ, ներկայացում: Մի խոսքով`այն ամենը, ինչ հետաքրքրում է երեխաներին: Կարծում եմ, որ հետաքրքիր է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց ծրագրի համակարգող Նառա Հակոբյանը:
‹‹Միմոս›› խամաճիկների թատրոնը մանուկների համար ցուցադրեց «Պույ-պույ մկնիկը» ներկայացումը: «Տոնը կարևոր է: Մեծերն ու փոքրերը հավաքվում են, կարողանում են շփվել արվեստի գործիչների ու արվեստի հետ»,-նշեց թատրոնի հիմնադիր Նունե Ջրբաշյանը:
Երեխաներին զվարճացնելու էին եկել նաև ծաղրածուներ, մուլտֆիլմերի ու հեքիաթների հերոսներ։ Կերպարվեստի սիրահար փոքրիկներն էլ հնարավորություն ստացան զբաղվել խեցեգործությամբ, նկարչությամբ: