Կատակերգ՝ տաքսիների մասին
LifestyleՀամացանցում հայտնվել է մի տեսահոլովակ , որը տարբերվում է նույնանման երգերից: Երգիչը Դավիթ Ադամյանն է՝ «Արցախի ձայներ» նախագծի մասնակիցը, ով նաև հանդես է գալիս անհատական կատարումներով: Փորձեցինք նրանից պարզել մանրամասներ՝ կապված այլընտրանք ունեցող աշխատանքի մասին:
-Այդքան հաճա՞խ ես օգտվում տաքսիներից, որ որոշեցիր երգ ձոնել նրանց:
- Հաճախ: Այնքան, որ նրանք հասցնում են ինձ բավականին զվարճալի գաղափարներ ու թեմաներ տալ, և ամեն անգամ ինձ հետաքրքրում է, թե տաքսիստն ի՞նչ է մտածում իր ուղևորների մասին:
- Ո՞վ է խոսքերի հեղինակը:
- Վահրամ Պետրոսյանը:
-Ինչո՞ւ վստահեցիր նրան:
- Ես հավանում եմ նրա գործերը, նաև ընկերներս խորհուրդ տվեցին:

-Երաժշտությունը, գործիքավորումն ո՞վ է արել:
-Karen-Sevak production-ի հետ ենք աշխատել, քանի որ սա իմ առաջին աշխատանքն էր, պետք է կողքս լինեին այնպիսի մարդիկ, երաժիշտներ, որոնց անվերապահորեն կվստահեի: Երբ արդեն պատրաստ էր տեսահոլովակը, նկարահանեց ընկերս՝ ռեժիսոր Արտյոմ Աբովյանը: Փառք Աստծո, դեռ վատ, բացասական խոսքեր չեմ լսել:
-Ներկայիս երգարվեստը որքանո՞վ ես ուսումնասիրել:
- Գրեթե բոլորին լսում եմ ու ինձ համար եզրահանգումներ անում: Ճիշտն ասած՝ շատ են իրար նման երգերը, այդ պատճառով որոշեցի մի քիչ տարբերվել՝ հումորային, թեթև երգ ու տեսահոլովակ ներկայացնելով:
- Դու բնույթով այդպիսի՞ն ես՝ կատակասեր:
- Այո, ասող-խոսող, չեմ սիրում ամեն ինչ բարդացնող մարդկանց, փորձում եմ բարդ իրավիճակներում էլ ինձ չկորցնել:
- Ղարաբաղից եկար Երևան երգչի կարիերա անելու, իսկ կրթություն ունե՞ս:
- Այո, սովորում եմ Կոնսերվատորիայի Գյումրի մասնաճյուղի ժողովրդական երգի բաժնում, Նորոյանի դասարանում:
- Ղարաբաղցի լինելդ օգնո՞ւմ է, որ հաստատվես երգարվեստում: Քեզնից առաջ Անդրե կար, Ռազմիկ Ամյան: (քահ-քահ ծիծաղում է):
-Եթե Ռազը չլիներ, կարող է` երգիչ չդառնայի, միշտ իր երգացանկի երգերն եմ երգում, մինչև իմ երգացանկն ունենամ ու փորձեմ հետ չմնալ: Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ հետ աշխատող ստեղծագործական խմբին, պրոդյուսեր Լիրա Քոչարյանին: Ասեմ՝ շուտով եթերում կլինի իմ հաջորդ տեսահոլովակը:
