Աֆղանստանում հինգ զինծառայող է զոհվել ՆԱՏՕ-ի ուղղաթիռի կործանման հետեւանքով
SocietyԱֆղանստանում հինգ զինծառայող է զոհվել ՆԱՏՕ-ի ուղղաթիռի կործանման հետեւանքով, նրանցից երկուսը բրիտանացիներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հոկտեմբերի 12-ին հաղորդել է Guardian թերթը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում հրատարակությանը տեղեկացրել են, որ «Puma Mk2 փոխադրական ուղղաթիռը կործանվել է Քաբուլում՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» գործողության շտաբի մոտ վայրէջքի փորձ կատարելիս»: Օդանավում եղել է 10 մարդ: «Ներկայում կատարվում է ավիաաղետի հետաքննություն: Մենք չենք կարող հաստատել՝ դա տեղի է ունեցել դժբախտ պատահարի հետեւանքով, թե զինյալների գործողությունների պատճառով»,- հայտնել են պաշտպանության նախարարությունում:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում գտնվում են 500 բրիտանացի զինծառայողներ, նշել են պաշտպանության նախարարությունում: Զոհված մյուս երեք զինծառայողների ազգությունը հայտնի չէ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: