Զոհերի աճող թիվ, չեղարկված հանդիպումներ, արտասվող քաղաքական գործիչներ. թուրքական ահաբեկչության 48 ժամը
SocietyԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ուենցած ահաբեկչության զոհերի պաշտոնական թիվը հասել է 97-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին տվյալներ է հրապարակել Թուրքիայի վարչապետի գրասենյակին կից համակարգող կենտրոնը:
Ահաբեկչությանը զոհ գնացած Թուրքիայի քաղաքացիներից զատ կա նաև մեկ պաղեստինցի: Ներկայում պարզվել է զոհվածներից 92-ի ինքնությունը: Ընդ որում, ամենափոքր զոհն ընդամենը ինը տարեկան է եղել: Զոհերի շարքում է նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված թեկնածու Քուբրա Մելթեմ Մոլլան: Վիրավորների թիվը տարբեր տվյալներով տատանվում է 200-500-ի միջև:
Համակարգող կենտրոնից հայտնել են, որ ահաբեկչությունն իրականացրել են երկու տղամարդ մահապարտ ահաբեկիչներ, ում ինքնությունը պարզվում է: Երկրորդ պայթյունը որոտացել է առաջինից 3-4 վայրկյան հետո:
Ահաբեկչությունից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն, ինչպես նաև քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն չեղյալ են հայտարարել աշխատանքային ծրագրերը: Դավութօղլուն հանդիպելու ցանկություն էր հայտնել քեմալական, ինչպես նաև «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդների հետ: Ազգայնականները հանդիպման հրավերը մերժել էին, մինչդեռ քեմալականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդիպել էր վարչապետի հետ : Հանդիպման ընթացքում նա պահանջել էր պաշտոնաթող անել ներքին գործերի և արդարադատության նախարարներին՝ նշելով, որ ահաբեկչությունը հնարավոր է դարձել նրանց կողմից աշխատանքը ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
Ահաբեկչությունից անմիջապես հետո, ինչպես նաև հոկտեմբերի 11-ին՝ Անկարայում ի հիշատակ ահաբեկչությանը զոհ գնացածների անցկացված հանրահավաքի ժամանակ խիստ հայտարարություններ է արել քրդամետ կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը, ով դուրս է եկել պաշտոնական վիճակագրությունից և հայտնել, որ զոհվածների թիվը 128-ն է: «Այսօր մենք սգի մեջ ենք, տխուր ենք, բայց նաև զայրացած: Մեր եղբայրներին դեպի հավերժություն կճանապարհենք՝ ասելով, որ անպայման հաշիվ ենք պահանջելու: Կգա օրը, բախտի անիվը կշրջվի: Հեռու չեն այդ օրերը: Դուք, որ ասում եք. «Պետությո ւնը մեր ապրանքն է, երկիրը մեր ապրանքն է», ժողովրդին պատասխան եք տալու: Ի հեճուկս ձեզ, դիմադրելու ենք և հաղթենք... Թուրքի, քրդի, արաբի, հայի, սուննիի, ալևիի, բոլորի սրտում լինելու է խաղաղության երգը»,- ասել է քրդամետ կուսակցության ղեկավարը: Հանրահավաքից հետո մեքենային մոտենալիս Դեմիրթաշը չի կարողացել զսպել արցունքները: