Մարտակերտցի երեխաներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան
SocietyՔաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում հարյուրավոր փոքրիկներ այցելել են Երևան` մասնակցելու մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԼՂՀ Մարտակերտ քաղաքի 10 երեխաները հյուրընկալել են Շենգավիթ վարչական շրջանում, իսկ բուն տոնական միջոցառումներին մասնակցելուց հետո այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել մայրաքաղաքի պատմությանն ու մշակույթին:
Երեխաները նշել են, որ անչափ տպավորված են ինչպես մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձի, այնպես էլ թանգարան կատարած այցելությունից, և որ իրենց հասակակիցների հետ Մարտակերտում դեռ երկար կպատմեն տպավորությունների մասին:
Երևանում գտնվելու ընթացքում մարտակերտցի դպրոցականները կայցելեն նաև պատմամշակութային այլ վայրեր, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: