«Ազգային երգարան գրպանի» ժողովածուն ներկայացվեց արվեստասերներին
Culture«Ազգային երգարան գրպանի» ժողովածուն, որը ներառում է 659 երգ, 21 գրքույկ, հանձնվեց հանրության դատին: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ հրատարակված 21-հատորյակի շնորհանդեսին հոկտեմբերի 12-ին մասնակցեցին բազմաթիվ արվեստասերներ:
«21 հատորներից մեկը հանրագիտակ է` հայ երգի մասին բազմաթիվ տեղեկություններով, մնացած 20 հատորում հայ ազգային երգն է` իր բոլոր դրսևորումներով` հոգևոր, ժողովրդական, մանկական, կոմպոզիտորական և այլն: 21-հատորյակը հրատարակվել է 1000 պրակով` այսինքն 21 հազար գրքույկ է ներկայացվել»,- նշեց մշակութային գործիչ, հրատարակության նախաձեռնող Սամվել Հարոյանը:
Երգերի բառեր, նոտաներ, գեղեցիկ նկարազարդումներ. նոր երգարանը ստեղծողներն այն տարածելու ցանկություն ունեն, իսկ գնել այն հնարավոր կլինի մեկ ամսից:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով` հեղինակը հսկայական աշխատանք է կատարել երգարանն ստեղծելու համար:
«Արդյունքում` մենք ունենք ազգային երգարան, որտեղ ամփոփված մեր երգերը կարող են կարևոր նշանակություն ունենալ ոչ միայն հայաստանյան արվեստասեր հասարակության, այլև սփյուռքահայերի համար: Նրանց համար այս ժողովածուն սպասված է, ցանկալի. հայ երգի միջոցով է, որ մենք կարողանում ենք սփյուռքում հայ ինքնության խնդիրներով զբաղվել»,-ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը կարևորեց նախաձեռնության իրականացումը: «Երգարանները մեր կյանքի շատ կարևոր մասն են: Սփյուռքի մեր հայությունը շատ ժամանակ երգարանը ձեռքին հավաքվում է, երգում այն երգերը, որոնք իրենց դարձրել են հարազատ: Պետք է ավելի շատ երգարաններ լինեն»,- նշեց Արամ Սաթյանը:
Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նույնպես նշանակալի իրադարձություն է համարում «Ազգային երգարան գրպանի» ժողովածուի շնորհանդեսը: «Հսկայական մի աշխատանքի ընթացքում գոյացել է փառավոր մի ամբողջություն, մի երգարան` իր 21 հատորներով, որոնցից յուրաքանչյուրի մեջ ընդգրկված է երգի որևէ բաժին: Հրաշալի աշխատանք է. այն ստեղծելու համար աշխատել է բնագավառի գիտակների ընտրանին, լավագույն մասնագետները»,- շեշտեց նա:
Տիգրան Մանսուրյանը նշեց, որ հայերն ունեցել են երգարաններ, սակայն դրանք նման կարգի չեն եղել: «Հայ երաժշտասերին, երգարվեստին գեղեցիկ նվեր է: Ընդ որում` նվեր է ոչ միայն երգը սիրող հայաստանաբնակ լսարանին, այլև ամբողջ սփյուռքում բնակվողներին»,- հավելեց ճանաչված կոմպոզիտորը:
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացված շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին նաև երգարանում ընդգրկված մի շարք ստեղծագործություններ: