Ռուսական «Նորաձևության դատավճիռ» հաղորդումն անդրադարձել է հայկական տարազի առանձնահատկություններին
CultureՌուսական հայտնի «Модный приговор» («Նորաձևության դատավճիռ») հեռուստահաղորդման թողարկումն անդրադարձ է կատարել հայկական տարազի առանձնահատկություններին։ Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող հաղորդման հյուրն է եղել «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը:
Հաղորդավար, նորաձևության պատմաբան Ալեքսանդր Վասիլևը հայերենով ողջունել է Լիլիթ Մելիքյանին: Վերջինս հաղորդման ընթացքում ներկայացրել է հայ կնոջ և տղամարդու 4 տարազ՝ Վասպուրականի, Կարինի ու Ուրֆայի ասեղնագործության տարրերով։
«Վասպուրականում նորաձև էր կարմիր գույնը, և զգեստի վրա գերակշռում էր կարմիրը: Հայերը կարմիր գույնը պաշտպանիչ են համարել, և միշտ հագուստի տակից կարմիր երկար շապիկ են կրել»,- նշել է Լիլիթ Մելիքյանը:
Նա ներկայացրել է նաև հայկական ազգային տարազների առանձնահատկությունները, խոսել հայկական զարդանախշերի մասին։ Հաղորդման ընթացքում հայկական պարի կատարմամբ ելույթ է ունեցել «Հայաստանի գույներ» անսամբլը: