Երեխայի ինքնագնահատականը կախված է տան ղեկավարից
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Հայտնի է, որ տարբեր մշակույթներում կանայք ու տղամարդիկ ընտանիքում տարբեր դերակատարություն ունեն: Օրինակ՝ Արևմուտքում երեխայի խնամքի և դաստիարակության համար հիմնականում պատասխանատու է մայրը: Արևելյան ընտանիքում գլխավորը տղամարդն է, ուստի նա էլ ֆինանսապես ապահովում է ընտանիքը և պատասխանատու է երեխայի դաստիարակության համար:
Սասեքսի համալսարանի մասնագետները հարցման են ենթարկել Արևմտյան Լոնդոնում բնակվող անգլիացիների և հնդիկների 125 ընտանիքի, որոնցում 7-9 տարեկան երեխաներ կան: Մասնագետներին հետաքրքրել է, թե ծնողներից ով ավելի մեծ ազդեցություն ունի երեխայի ինքնագանահատականի վրա: Մասնագետները նկատել են, որ անգլիական այն ընտանիքներում, որտեղ մայրը չափազանց ուշադիր է եղել երեխայի հանդեպ՝ փորձելով անընդհատ վերահսկել նրան կամ հակառակը՝ բավարար ուշադրություն չի հատկացրել փոքրիկին, հաճախ երեխայի ինքնագնահատականը ցածր է եղել:
Իսկ հնդկական ընտանիքներում երեխայի ինքնագնահատականը կախված է եղել հորից: Այս փոքրիկների մոտ ևս ինքնագնահատականը ցածր է եղել այն դեպքերում, երբ հայրը վատ է վերաբերվել երեխային: Ուստի ուսումնասիրողները եկել են եզրահանգման, որ երեխայի ինքնագնահատականը ձևավորում է ծնողներից նա, ում երեխան համարում է գլխավորն ընտանիքում: Մասնագետները միաժամանակ զգուշացնում են, որ ցածր ինքնագնահատականը հանգեցնում է ընկճախտի և հակասոցիալական վարքի: Ցածր ինքնագնահատականով են պայմանավորված նաև տագնապայնությունը, ագրեսիան, ամաչկոտությունը: