Սերգո Կարապետյանը կոոպերատիվների ստեղծումը համարում է Հայաստանի գյուղատնտեսության ապագան
EconomicsԵրևանում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների երկրորդ համաժողովը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո ԿարապետյանÕ ¨, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին, Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/ համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, այլ պաշտոնյաներ:
Միջոցառման նպատակն է ներկայացնել և քննարկել Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող Կայուն գյուղատնտեսական զարգացման ռազմավարության վերջին զարգացումներն ու ձեռքբերումները, ENPARD ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև դոնորների համակարգման մեխանիզմները:
Եռամյա այս ծրագիրը, որը մեկնարկել է 2015 թվականի հունվարից, իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է օժանդակել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը, բարելավել գյուղատնտեսական ծառայությունների որակը, պիլոտային ծրագրերի իրականացման միջոցով ցուցադրել բնական աղետների դեմ պայքարի նոր միջոցներ:
«Կոոպերատիվների ստեղծումը մեր գյուղատնտեսության ապագան է, ուստի այն այսօր նախարարության գերակա ուղղություններից է: Մեր նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանում կոոպերացիայի զարգացման համար, և մեկնարկող ծրագիրը միտված է նպաստել գյուղացիական միավորումների ստեղծմանն ու խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը»,-նշել է իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել Եվրամիության հետ սերտ համագործակցությունը և վերջին տարիների ձեռքբերումները` հույս հայտնելով, որ այն հետագայում էլ ավելի կամրապնդվի:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է, որ հիացած է հայկական գյուղատնտեսական արտադրանքի որակով և համային հատկանիշներով: Նա հավելել է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացման մեծ պոտենցիալ ունի` կարևորելով բոլոր ջանքների կենտրոնացումը շուկաների հասանելիության խնդրի լուծման ուղղությամբ:
ENPARD ծրագրին լրացուցիչ տեխնիկական աջակիցների` Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչներն իրենց զեկույցներում ներկայացրել են կոոպերատիվների զարգացման, բնածին աղետների դեմ պայքարի, խորհրդատվության որակի բարելավման և մի շարք այլ խնդիրների շուրջ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները:
Առանձին անդրադարձ է կատարվել նաև ծրագրի «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչին, որն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում: Մասնավորապես, նշվել է, որ բաղադրիչի շրջանակում ստացվել է թվով 190 հայտադիմում, որոնք ներկայումս ուսումնասիրման փուլում են: Ծրագրի կողմից առաջնահերթությունը տրվում է մրգի, հատապտղի, բանջարեղենի, հացահատիկի և ընդեղենի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև այլ գյուղմթերքի արտադրության և վերամշակման ոլորտներում նորարարական գաղափարներ (նոր տեխնոլոգիա, նոր արտադրանք) առաջարկող խմբերին:
Համաժողովին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացվել է նաև միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համակարգման ծրագրի նախագիծը, որի նպատակն է առավել թիրախային, թափանցիկ, արդյունավետ և հանրամատչելի դարձնել համատեղ իրականացվող ծրագրերը: