Անհայտ անձինք փողոցում հափշտակել են քաղաքացու դրամապանակը
SocietyԱնհայտ անձիք Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի 78/1 շենքի հարակից տարածքում մայիսի 25-ին, ժամը 23:45-ի սահմաններում քաղաքացու ձեռքից բացահայտ հափշտակել են նրա դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, բանկային պլաստիկ քարտ, անձնագիր և տան բանալիներ՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Ինչպես հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսաձայնագրույթունը, որտեղ երևում է վազող երկու երիտասարդ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու փողոցում քաղաքացուն կողոպտած անձանց ինքնությունը:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: