Էբոլա վիրուսն ավելի քան ինն ամիս կարող է մնալ տղամարդու օրգանիզմում բուժվելուց հետո
SocietyԷբոլա վիրուսն ավելի քան ինն ամիս կարող է մնալ մարմնի որոշակի մասերում վտանգավոր հիվանդությունից բուժվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հոկտեմբերի 14-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը քաղվածքներ է հրապարակել նոր հետազոտությունից, որը համատեղ անցկացրել են Սիեռա Լեոնեի առողջապահության նախարարությունը եւ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման կենտրոնները:
«Հիվանդությունից բուժված մարդկանց կլինիկական մանրազնին ստուգման եւ հետազոտման ընթացքում հավաքված մեծաթիվ տվյալներ վկայում են, որ Էբոլա վիրուսը առանձին մարդկանց մոտ կարող է օրգանիզմի տարբեր մասերում, այդ թվում՝ աչքերում, սերմնահեղուկի, պտղամերձ հեղուկի, ընկերքի, կրծքի կաթի մեջ եւ կենտրոնական նյարդային համակարգում, մնալ երկար ամիսներ»,- նշվում է ԱՀԿ-ի մամուլի տեղեկագրում:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ առանձին տղամարդկանց սերմնահեղուկը Էբոլա վիրուսի առկայության թեստ անցկացնելիս դրական արդյունք է տալիս «ավելի քան ինն ամիս անց»:
Էբոլա տենդի համաճարակն Արեւմտյան Եվրոպայում սկսվել է 2014 թվականի փետրվարին: Այն ժամանակվանից վտանգավոր հիվանդությունից մահացել է ավելի քան 11,3 հազար մարդ, վարակվել են եւս 28,5 հազար բնակիչներ: ԱՀԿ-ում նշում են, որ համաճարակը գործնականում հաղթահարված է. արդեն երկրորդ շաբաթն է՝ տարածաշրջանում վարակման ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: