Խաչատրյանական փառատոնի շրջանակում հնչել է Սվիրիդովի երաժշտությունը
CultureԱ. Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն այս տարի աչքի է ընկել համաշխարհային և հայաստանյան պրեմիերաների մեծ թվով։ Կազմակերպիչները տարբեր կոմպոզիտորների սիրված գործերին զուգահեռ հայ ունկնդրին հաղորդակից են դարձնում նոր ստեղծագործությունների: Այդպիսին է եղել հոկտեմբերի 14-ի կամերային համերգն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեցին փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից` Գեորգի Սվիրիդովի 100-ամյակին նվիրված երեկոյի ընթացքում կատարվել են ռուս կոմպոզիտորի ստեղծագործությունները, այդ թվում՝ երկու հայաստանյան պրեմիերա` «Պետերբուրգյան երգեր» շարքը սոպրանոյի, մեցցո-սոպրանոյի, բարիտոնի, բասի և դաշնամուրային տրիոյի համար՝ Ալեքսանդր Բլոկի խոսքերով, և «Հայրերի երկիրը» պոեմը տենորի, բասի և դաշնամուրի համար՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով։
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Արամ Խաչատրյանի անվան տրիոն, Քրիստինե Սաֆարյանը (սոպրանո), Գրետա Բաղիյանը (մեցցո-սոպրանո), Գրիգոր Աբրահամյանը (բարիտոն), Հայկ Տիգրանյանը (բաս), Վասիլի Ռոլիչը (դաշնամուր)։
Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահար Արմինե Գրիգորյանը նշել է, որ արդեն երկրորդ տարին են մասնակցում Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին: «2014-ին մեր մասնակցությունը շատ հետաքրքիր էր. ելույթ ունեցանք երեք գործիքային կոնցերտներով՝ տրիոյի երաժիշտները հանդես եկան որպես մենակատարներ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ հնչեցնելով Խաչատրյանի Ջութակի, Դաշնամուրի կոնցերտները և Թավջութակի համար գրված կոնցերտ-ռապսոդիան»,-հավելել է նա։
Ջութակահար Կարեն Շահգալդյանը փառատոնի անցկացումը շատ լավ գաղափար է համարել: «Շնորհակալ եմ Սերգեյ Սմբատյանին, որ նրա մոտ նման ցանկություն է առաջացել։ Հայաստանում անցկացվում են հրաշալի համերգներ, սակայն Հայաստանի մշակութային կյանքը մշտական երաժշտական, համերգային գործունեության կարիք ունի տարբեր մակարդակներում՝ կամերային, սիմֆոնիկ երաժշտություն և այլն։ Կարծում եմ՝ փառատոնի հիմնական գաղափարը հենց դա է՝ ապահովել տարբեր ժանրերի երաժշտության ներկայացումները։ Եվ ուրախ ենք, որ Խաչատրյանի անվան տրիոն հանդես է գալիս փառատոնի շրջանակում հենց այս ծրագրով։ Սվիրիդովը մեծ կապ է ունեցել Հայաստանի հետ. հայտնի է, որ նա եղել է Ավետիք Իսահակյանի արվեստի երկրպագուն։ Ու պատահական չէ, որ ներկայացվող գործերից մեկը գրվել է հենց Իսահակյանի խոսքերի հիման վրա»,-շեշտել է նա։