Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման համաձայնագրի իրականացումից հետո կայանը 2033թ. կներգրավվի ՀՀ էներգահամակարգի մեջ
SocietyՀայաստանն ակնկալում է մինչև 2033-2035 թվականները Մեղրիի ՀԷԿ-ն ընդգրկել ՀՀ էներգահամակարգում:
Արմենպրեսի փոխանցմամբ՝ Երևանում ընթացող հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ հավելելով, որ էներգետիկ ոլորտում համագործակցությունը երկար տարիներ եղել է հայ-իրանական փոխգործակցության կարևորագույն ուղղություններից մեկը:
Նախարարը նշեց, որ հաշվի առնելով վառելիքաէներգետիկ շուկայում և էներգետիկ համակարգում կիրառվող տեխնոլոգիական զարգացումը, տարածաշրջանային ինտեգրման խորացման և ընդլայնման նկատվող միտումները, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հետ բանակցությունների արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել նախանշել և մեկտեղել երկարաժամկետ հեռանկարում՝ մինչև 2036թ. էներգետիկայի բնագավառում ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը:
Այդ նպատակով մշակվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» փաստաթուղթ, որով էլ ակնկալվում է, որ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման համաձայնագրի իրականացումից հետո կայանը 2033թ. կներգրավվի ՀՀ էներգահամակարգի մեջ: Ըստ այդմ՝ հիդրոկայանի դրվածքային հզորությունը կկազմի 130 ՄՎտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրանքը՝ շուրջ 800 մլն. ԿՎտ/ժ:
«Այսօր Հայաստանի ընդհանուր էներգետիկ հզորությունը կազմում է մոտ 3200 ՄՎտ, որից հասանելի է 2670 ՄՎտ-ը: «Ֆինանսական ընկերությունների օժանդակության միջոցով իրականցվում են ենթակայանների և բարձրավոլտ 270 ԿՎտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծերի արդիականացման ծրագրեր, կառուցվում են նոր ենթակառուցվածքներ և էլեկտրահաղորդագծեր»,- ասաց նախարար: