ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատները Երևանում քննարկում են էլեկտրոնային առևտրին, աշխատուժին վերաբերող հարցեր
SocietyԵրևանում հայկական կողմի նախագահությամբ ընթանում է ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի նիստը: «Համաշխարհային տնտեսության անկայունության պայմաններում ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների փոխգործակցության ուժեղացում» թեմայով քննարկման նպատակով
Հայաստան են ժամանել ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարները:Արմենպրես-ի փոխանցմամբ` ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, համաժողովին հայկական կողմն անդրադարձ կկատարի ԱՊՀ երկրներում էլեկտրոնային առևտուրը կազմակերպելու, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերին: «Ռուսական կողմն էլ ներկայացում է պատրաստել Ռուսաստանում աշխատել ցանկացող օտարերկրյա քաղաքացիներին ուղղված նոր ծրագրի մասին: Ընդհանուր տեստավորման հարցերին է վերաբերում նշյալ ծրագիրը»,-ասաց Մարտին Սարգսյանը` հավելելով, որ մյուս երկրների ներկայացուցիչների կողմից էլ կլինեն առանձին ելույթներ, առաջարկություններ, որոնք կքննարկվեն խորհրդաժողովի ընթացքում:
Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրների հետ առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին` Մարտին Սարգսյանը նշեց, որ շարունակական աշխատանք են տանում գործարարության զարգացման, համատեղ ձեռնարկությունների ձևավորման առումով: «Մենք ստեղծում ենք դաշտ, որտեղ գործարարները իրար հետ կարող են հանդիպել, հնարավորութուն ունենալ իրենց խնդիրները բարձրացնել ու դրանց լուծումները տալ պալատների ղեկավարների քննարկման արդյունքում»,-նշեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը` հավելելով, որ կազմակերպում են ինչպես գործարար համաժողովներ, այնպես էլ ընկերությունների ցուցահանդեսներ:
Մարտին Սարգսյանի խոսքով` ԱՊՀ բոլոր երկրների հետ էլ առևտրային հարաբերությունները խորացնելու ներուժ ունի Հայաստանը, հատկապես որպես ԵԱՏՄ անդամ: «Քաղաքական իրավիճակը Ռուսաստանում, ինչպես նաև ԱՊՀ մի քանի երկրներում, խոչընդոտներ է ներկայացնում: Բայց կարծում եմ, որ այդ իրավիճակը երկար չի կարող ձգվել ու կլոր-սեղանների միջոցով լուծում կստանա, ինչն էլ դրականորեն կանդրադառնա Հայաստանի վրա»,-նկատեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը:
Նա կարևորեց նաև համագործակությունը եվրոպական երկրների հետ, հատկապես նշեց Առևտրաարդյունաբերական պալատի կողմից «East Invest» ծրագրին միացումը, որի շրջանակներում հայ գործարարները դեպի եվրոպական շուկա արտահանման հետ կապված ուսուցում են ստանում, նաև հնարավորություն են ստանում մասնակցել Եվրոպական երկրներում անցկացվող ցուցահանդեսների:
ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է դեռևս 2003 թվականին` Եվգենի Պրիմակովի գլխավորությամբ: Առաջին նիստը կայացել է ՌԴ-ում նույն տարում, երկրորդը` Հայաստանում 2004 թվականին:
Երևանյան համաժողովին կորոշվի, թե որ երկիրն է նախագահելու 2016 թվականի խորհրդի հերթական նիստը: Ղեկավարների խորհուրդը լավագույններին պարգևատրելու է «Ցուցահանդես-տոնավաճառային ակտիվ մասնակցության համար» դիպլոմով: