«Վերադարձի փառատոնը» լի է լինելու ստեղծագործությունների պրեմիերաներով
CultureԴասական երաժշտության «Վերադարձի փառատոնը», որն անց է կացվում 8-րդ անգամ, լի է լինելու պրեմիերաներով: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողներին տեղեկացրեց փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը:
«Այ տարվա «Վերադարձի փառատոնը» նվիրված է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Այն շատ հետաքրքիր փառատոն է, որը հանդիսատեսին կներկայանա հինգ համերգով: Փառատոնի համերգային ծրագրերը շատ համահունչ են ընտրված Հայոց ցեղասպանության տարելիցին», - ասաց Մարիամ Շահինյանը:
Հոկտեմբերի 19-ին կայանալիք բացման համերգին կհնչեն Տիգրան Մանսուրյանի «Ֆանտազիան», հայաստանյան հանրությանը առաջին անգամ կներկայացվի Ստեփան Լուսիկյանի «Դեպի Գոլգոթա» դաշնամուրային ստեղծագործությունը և Էդգար Հովհաննիսյանի «Կոնցերտ բարոկկոն» և Ալֆրեդ Շնիտկեի «Կոնչերտո գրոսսոն»:
«Սա յուրահատուկ փառատոն է, որի նմանն աշխարհում չկա: Վաղուց այն դարձել է մեր երաժշտական կյանքում նշանակալից երևույթ: Գաղափարը ծնվել է ժամանակի թելադրանքով և հագամանքների բերումով, որ մեր երաժիշտներից շատերը սովորելու կամ այն պատճառներով հեռացել են Հայաստանից: Սակայն այս փառատոնը հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք վերադառնան Հայաստան և ներկայանան մեր ուկնդրին յուրօրինակ հաշվետվությամբ», - ասաց դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը:
Փառատոնի շրջանակում ստեղծվել և իր առաջին ելույթը կունենա «Վերադարձ» կվինտետը, որտեղ միայն երկու անդամներն են հայ: Սա ևս մի գաղափար է, որի նպատակն էր փառատոնի շնորհիվ օտար ազգին ներկայացնել մեր հայ մշակույթն ու պատմությունը: Փառատոնը կեզրափակի Դավիթ հարությունյանի ղեկավարությամբ գործող ֆրանսիական «Տանգո Կորբոն» քառյակը, որը կկատարի համաշխարհային դասական տանգոներ: