Սիրիայում օդային հարվածներից երկու ադրբեջանցի ընտանիք զոհվել է
SocietyՍիրիայի Դեր Էլ Զոր նահանգում անհայտ ինքնաթիռների կողմից ռմբակոծությունների ժամանակ երեխաների հետ երկու ադրբեջանցի ընտանիք է զոհվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, հայտնում է Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը:
Նշվում է, որ Դեյր Էլ Զոր նահանգի Մայադին ավանի վրա ավիահարվածները հասցրել են կամ ռուսաստանյան, կամ կոալիցիայի ռմբակոծիչները:
Այդ ավիահարվածների ժամանակ զոհվել են Ադրբեջանից երկու կին իրենց վեց երեխաների հետ:
Մայադին ավանը գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ադրբեջանից ընտանիքները զոհվել են Մայադինի կենտրոնում շենքի քանդվելու հետևանքով:
Սիրիայում եւ Իրաքում կառավարական ուժերի դեմ ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվող ադրբեջանցիները հաճախ այդ երկրներ են գնում իրենց ընտանիքների եւ մանկահասակ երեխաների հետ:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 3000-ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 350-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: