«1900+» նախագիծը և Չեխիայի դեսպանությունը Երևանում կներկայացնեն չեխական դաշնամուրային երաժշտություն
CultureՀամաշխարհային երաժշտությանը նվիրված «1900+» նախագծի հոբելյանական` տասներորդ համերգը հայ ունկնդրին կներկայացնի չեխական դաշնամուրային երաժշտություն: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 19-ին անցկացվելիք համերգը կազմակերպվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության հովանու ներքո:
Համերգի մենակատարն է ճանաչված դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, «1900+» նախագծի գեղարվեստական ղեկավար Հայկ Մելիքյանը, ով համերգի ընթացքում կներկայացնի Չեխիայի 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ականավոր կոմպոզիտորների` Լեոշ Յանաչեկի, Բոհուսլավ Մարտինուի, Ալոյս Հաբայի, Միլոսլավ Կաբելաչի, Մարեկ Կոպելենտի, Էրվին Շուլհոֆի գործերը: Կանցկացվեն նաև Պետր Բակլայի և Յան Միկիսկայի ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ:
« «1900+» նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ են հնչում Հայաստանում: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան պարոն Պետր Միկիսկային՝ միջոցառման իրագործման մեջ բացառիկ նրբանկատություն և պատրաստակամություն ցուցաբերելու համար» ,- Արմենպրես-ի փոխանցմամբ` նշել է դաշնակահարի մենեջեր, «19 00+» նախագծի համակարգող Ալեքսանդր Հակոբյանը:
«1900+» նախագիծը մեկնարկել է 2009 թ. հոկտեմբերին և մինչ այժմ հանրությանը ներկայացրել է ֆրանսիական, ռուսական, շվեյցարական,լեհական, ճապոնական, գերմանական, բալթյան երկրների, իտալական և ամերիկյան դաշնամուրային երաժշտության համերգներ: «1900+»նախագիծը ներկայացնում են Հայաստանում գտնվող տարբեր երկրների դեսպանությունները և դիվանագիտական ներկայացուցչությունները, ՀՀմշակույթի նախարարությունը: Նախագծի շրջանակում 2011 թ. իրականացվել է հայ ժամանակակից կոմպոզիտորների մրցույթ, և ընտրվածլավագույն ստեղծագործությունները 2013 թ. հունվարին ընդգրկվել են «1900+» նույնանուն ձայնասկավառակի առաջին թողարկման մեջ , ինչպեսնաև հրատարակվել այդ ստեղծագործությունների նոտաների ժողովածուում: Բազմաթիվ կոմպոզիտորներ ստեղծագործություններ են գրելհատուկ «1900+» նախագծի համար, որոնց հայաստանյան պրեմիերաները կայացել են նախագծի համերգաշարի ընթացքում: