Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի բակում բացեցին ազատամարտիկ Գեորգի Մնացականյանի կիսանդրին
SocietyԳավառ քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցի բակում բացվեց Հայոց բանակի զինծառայող, սակրավորների գումարտակի հրամանատար, կապիտան, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Գեորգի Մնացականյանի կիսանդրին:
Պատվանդանի վրա տեղադրված քարակե րտ կիսանդրին բացվեց Գեորգի Մանացականյանի անունը կրող դպրոցի բակում: Գեորգի Մնացականյանը զոհվել է Կայանավանում, մարտական առաջադրանք կատարելիս: Կիսանդրու բացման օրը պատահական չէր ընտրված` երկու տարի առաջ նույն օրը Գերոգին պայթեց թշնամու ականները վնասազերծելու ժամանակ: Ելույթներով հանդես եկան Գեղարքունիքի մարզի պաշտոնական ու պետական այրերը, այնպես էլ Գեորգիի հարազատներն ու ուսուցիչները:
«Այն, ինչ արվում է այսօր, Գեորգիին այլեւս պետք չէ, սակայն, դա շատ կարեւոր է մատաղ սերնդին հայրենասիրական դաստիարակություն տալու տեսանկյունից: Աճող սերնդին պետք է կրթել ու դաստիարակել Գեորգիի նման հերոսների օրինակով»,- իր խոսքում նշեց , Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը:
«Այս նախաձեռնությունը մեր ծանր վիշտը ինչ-որ չափով թեթեւացնում է: Սա մխիթարանք է մեզ համար»,- իր ելույթում ասաց հերոսի մայրը` Անահիտ Խաչատրյանը: «Ազատամարտի մասնակիցների միավորում» խորհրդի կողմից Գեորգի Մնացականյանին հետմահու շնորհվեց «Զինվորի պաշտպան»-ի մեդալ:
ԵԿՄ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Հովհաննես Միրիբյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որոշմամբ, հերոսի հորը` Գագիկ Մնացականյանին, պարգեւատրեց շքանշանով, իսկ հերոսի անունը կրող դպրոցին` պատվոգրով: ԵԿՄ վկայականներ ու պատվոգրեր հանձնվեցին նաեւ Գեորգի Մնացականյանի անունը կրող դպրոցի լավագույն աշակերտներին: Հերոսի կիսանդրու առջեւ նրա անունը կրող դպրոցի աշակերտները երդվեցին` դաստիարակվել Գեորգիի սխրանքներով ու նրա օրինակով անառիկ պահել հայրենի հողի սահմանները:
Կինսանդրու բացման արարողությանը մասնակցում էին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, քաղաքի եւ Արծվաքար թաղամասի բնակիչները, զոհված զինծառայող Գեորգի Մանցականյանի ծնողները եւ հարազատները, դպրոցական եւ ծառայակից ընկերները, Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի վետերանները, Գեղարքունի քի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, Գավառի զինկոմիսարիատի աշխատակիցները եւ Տավուշի մարզի Կայանավան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները: