Հարություն Խաչատրյանը պարգևատրվեց Լեհաստանի շքանշանով
CultureՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը պարգևատրվեց «Լեհական մշակույթի վաստակավոր» շքանշանով: Հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացված հատուկ արարողության ժամանակ պարգևը ճանաչված ռեժիսորին հանձնեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
«Ամեն տարի Լեհաստանը մրցանակ է շնորհում մի մշակույթի գործչի, որը մեծ ներդրում է ունեցել լեհական մշակույթի զարգացման գործում: Հայ-լեհական կապերը վաղուց ապացուցել են իրենց ամրությունը, և դրա մասին է վկայում Հարություն Խաչատրյանի անձը և կատարած աշխատանքը:
Վերջին տարիներին նա հիմնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, ինչպես նաև նկարահանել է ֆիլմեր, որոնք մրցանակների և ճանաչման են արժանացել աշխարհի բոլոր ծայրերում: «Ոսկե ծիրան»-ի պատմության մեջ ցուցադրվել են ավելի քան 60 լեհական ֆիլմեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցանակը հանձնելիս նշեց դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար:
«Մեծ պատիվ է ինձ համար ստանալ այս լեհական շքանշանը: Այն միայն իմը չէ, այն ամբողջ «Ոսկե ծիրան» փառատոնի վաստակն է: Այն նաև հայ հանդիսատեսինն է, որը վայելում է մեր մատուցած լեհական ֆիլմերը»,- նշեց ռեժիսորը:
Հարություն Խաչատրյանը շեշտեց, որ և' իր ֆիլմերն են ցուցադրվել Լեհաստանում, և' լեհական ֆիլմերն են ցուցադրվել Հայաստանում, ինչը պակաս կարևոր չէ:
«Լեհական մշակույթի վաստակավոր» շքանշանը սովորաբար տրվում է այն ականավոր գործիչներին, ովքեր իրենց ներդրումն ունեն լեհական մշակույթի պահպանման և տարածման գործում: Այն գրականության, թատրոնի, լուսանկարչության, գեղանկարչության, կինեմատոգրաֆիայի և մշակույթի այլ ոլորտներում ունեցած առանձնահատուկ ներդրման արժևորումն է:
Շքանշանի հանձնման արարողությանը հետևեց Յադվիգա Նովակովսկայի «Մոռացված հայը» և Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմերի ցուցադրությունը:
Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Ախալքալաքում: 1981-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը (Յուրի Երզնկյանի արվեստանոց): Որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր աշխատել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում, այնուհետև` «ՀայՖիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող ռեժիսոր: 2004-ից Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրենն է: Բազմաթիվ փառատոնային մրցանակների դափնեկիր է: Նրա «Վավերագրողը» ֆիլմն արժանացել է Հայաստանի պետական մրցանակին, «Սահմանը»` ՀՀ Նախագահի մրցանակին, իսկ 2012-ին «Հայակ» մրցանակի` որպես լավագույն ռեժիսորական աշխատանք: 2006-ին Հարություն Խաչատրյանն ընտրվել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ, 2007-ին արժանացել է Արքայազն Քլաուսի մրցանակին (Նիդերլանդներ), 2008-ին դարձել է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցման նախարարության գրականության և արվեստի շքանշանի ասպետ: