Արմին Վեգների գործունեությանը նվիրված գրքի շնորհանդեսը կայացավ Հռոմում
CultureԳերմանացի մեծ հումանիստ Արմին Վեգներին նվիրված «Նամակ Հիտլերին» (La lettera a Hitler) գրքի շնորհանդեսը կայացել է հոկտեմբերի 15-ին Հռոմում: Գրքում ներկայացված է Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքստի դեմ Արմին Վեգների գործունեությունը: Գրքի հեղինակն է GARIWO (Garden of Righteous people- «Ազգի առաքյալների այգի») հասարակական կազմակերպության նախագ ահ Գաբրիելե Նիսսիմը: Այս մասին Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Շնորհանդեսը կազմակերպել էին իտալական GARIWO և Briancircle հասարակական կազմակերպությունները: Միջոցառման բանախոսներն էին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Իտալիայի հրեական համայնքի ղեկավար Ռենցո Գատտենյան, լրագրող և հրապարակախոս Ջիան Անտոնիո Ստելլան, Հռոմում Գերմանիայի դեսպանության մշակութային ատաշե Շտեֆան Շնայդերը: Ելույթներ ունեցան նաև L’Espresso պարբերականի թղթակից Վլոդեկ Գոլդկորնը, Արմին վեգների որդին՝ Միքելե Վեգները, «Նամակ Հիտլերին» գրքի հեղինակ Գաբրիելե Նիսսիմը:
Դեսպան Սարգիս Ղազարյանն իր խոսքում կարևորեց, որ հայերն ու հրեաները, որպես ցեղասպանություն վերապրած ժողովորդներ, «պետք է իրենց պայքարով լցնեն այն բացը, որն առաջացել է անտարբերության հետևանքով»: Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության հանդեպ անտարբերությունն էր, որը հետագայում հնարավորություն ընձեռնեց Հոլոքստի իրականացման համար, և ափսոսանք հայտնեց, որ «մարդկության դեմ ոճիրները չեն մնացել պատմության գրքերում, այլ այսօր մեր իրականության մաս են կազմում»: Դեսպան Սարգիս Ղազարյանը նաև դատարապարտեց պատմական փաստերի աղավաղման ու ժխտմա ն բոլոր փորձերը, ինչն իրականացնում են իրար հաջորդող թուրքական բոլոր կառավարությունները:
Ե’վ դեսպան Սարգիս Ղազարյանը, և’ բանախոսները խոսեցին Արմին Վեգների՝ որպես 20-րդ դարի ցեղասպանությունների դեմ պայքարի ելած, հայ, հրեա և այլ ժողովուրդների ճակատագրերով մտահոգված մարդկային բարձր արժանիքների տեր անձնավորության մասին:
Վլոդեկ Գոլդկորնն իր խոսքում նշեց, որ նաև Արմին Վեգների, Ֆրանց Վերֆելի նման հումանիստների շնորհիվ էր, որ Հայոց ցեղասպանության հարցում «անտարբերության պատը ճաք տվեց»՝ հավելելով, որ Վարշավայի գետտոյի ապստամբության օրերին հրեաներն ընթերցում էին վերջինիս «Մուսա լեռան 40 օրը» վեպը:
Միջոցառման ընթացքում դերասանուհի Մանուելա Կուստերմանը հատվածներ ընթերցեց «Նամակ Հիտլերին» գրքից:
Գրքի շնորհանդեսին ներկա էին իտալացի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, Իտալիայի հայ ու հրեական համայնքների անդամներ, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց իտալական զանգվածային լրատվամիջոցների կողմից: