Բելգիահայ համայնքի կողմից հանդիպում Արցախյան պատերազմի հաշմանդամների եւ զոհվածների ընտանիքների հետ
SocietyԵրեկ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Արցախյան հերոսամարտի ժամանակ զոհված ազատամարտիկների հուշակոթողի առաջ` որպես հարգանքի տուրք, պատանի ԵԿՄ-ականների կողմից դրվեց ծաղկեպսակ: Զոհված տղաների հիշատակի առաջ խոնարհվեցին ինչպես ազատամարտիկների հարազատները, այնպես էլ Բելգիայից ժամանած ազգությամբ հայ հյուրերը, որոնք եկել էին Հայաստան հերթական ազգանվեր գործունեությունն իրականացնելու համար:

Բելգիայում բնակվող ողջ հայությունը, միանալով ազգությամբ հայ երեք ընկերներ Ապեր Սարգսյանի, Գրիգոր Բաղդասարյանի, Վահան Չաթալբաշյանի հայրենանվեր նախաձեռնությանը, դրամական միջոցների ներդրմամբ մեծ պատրաստակամություն էին հայտնել աջակցել Արցախյան ազատամարտի հաշմանդամներին եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Աբովյան քաղաքի եւ դրա հարակից գյուղերից 59 զոհված ազատամարտիկների ընտանիքներ եւ 18 հաշմանդամ ազատամարտիկներ ստացան 100-ական եվրո, որից հետո նախաձեռնության անդամ Ապեր Սարգսյանը պարգեւատրվեց Հայաստանի Հանրապետության Երկրապահի հուշամեդալով, ԵԿՄ-ի պատվոգրեր հանձնվեցին Գրիգոր Բաղդասարյանին, եւ Վահան Չաթալբաշյանին, ով հարգելի պատճառներով չէր ժամանել Հայաստան: Պատվոգիր հանձնվեց նաեւ գործարար Արթուր Հարությունայնին:



Ինչպես իր շնորհակալական խոսքում նշեց Ապեր Սարգսյանը, իրականացվող ծրագիրը կրելու է շարունակական բնույթ: «Առաջին այցելությունն իրականացվել է Թալինում, ապա Էջմիածնում եւ հիմա Արթուր Հարությունյանի շնորհիվ մենք այսօր Աբովյան քաղաքում ենք: Մեր նախաձեռնության շրջանակներում Թալին այցելել է Գրիգոր Բաղդասարյանը, ով 100-ական եվրո է տրամադրել Արցախյան շարժման ժամանակ զոհված ազատամարտիկների 47 ընտանիքների: Պետք է ընդգծեմ, որ մեր հիմնական նպատակն է հնարավորության շրջանակներում աջակցել Արցախյան հերոսամարտի ժամանակ զոհված տղաների ընտանիքներին, ինչպես նաեւ հաշմանդամ ազատամարտիկներին»,- ասաց նա:




Խոսելով նախաձեռնության գաղափարի եւ իրականացվելիք ծրագրերի մասին՝ Գրիգոր Բաղդասարյանը նշեց, որ նախաձեռնությունն իրականացվելու ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԼՂՀ ողջ տարածքում: «Մենք ընկերներով նման նախաձեռնություններ միշտ ենք իրականացրել եւ այն ունենալու է շարունակական բնույթ: Ասեմ, որ աջակցության ձեռք մեկնելու ցանկություն ունեին ավելի մեծ թվով ընտանիքներ, սակայն ներկա պահին նրանք չունեին ֆինանսական հնարավորություն: Այս անգամ նրանք իրենց ջերմ բարեւներն են հղել հայաստանաբնակներին ու զոհված ազատամարտիկների ընտանիքներին:Առիթից օգտվելով՝ աշխարհասփյուռ հայությանը կոչ եմ անում հետեւել Բելգիայի հայ համայնքի օրինակին եւ միանալ սրբազան գործին, որպեսզի կարողանանք շնորհակալություն հայտնել մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին եւ հաշմանդամներին»,- նշեց նախաձեռնության անդամը՝ հավելելով, թե իրենք ցանկանում են համախմբել ողջ հայությանը, որպեսզի կարողանան իրենց ծրագրերը կյանքի կոչել ՀՀ եւ ԼՂՀ ողջ տարածքում:


«Հաջորդ այցելությունն ամենայն հավանականությամբ, կլինի այց Տավուշի մարզ»,- հայտնեց նա: Ըստ. Գ. Բաղդասարյանի՝ նախաձեռնության ձեւաչափը ենթակա է փոփոխման, վերջիններս ցանկանում են ընդլայնել աջակցության շրջանակները: Նախաձեռնության անդամը, կարեւորելով ԼՂՀ եւ ՀՀ սահմանները պահող երիտասարդ զինվորների դերակատարությունն ու նվիրվածությունը սեփական հայրենիքին, հայտնեց, որ գնալու է Արցախ: «Մոտ օրերս կայցելեմ Արցախ, կհանդիպեմ սահմանը պահող մեր հայ եղբայրների հետ: Ես պարզապես սիրահարված եմ Արցախին եւ իմ պարտքն եմ համարում նման նախաձեռնություններից հետո պարտադիր կերպով այնտեղ լինել: Մենք՝ որպես հայորդիներ, պարզապես պարտավոր ենք համախմբված լինել: Ինչպես ձեռքի մատներն են բռունցք դառնալով հզոր հարվածներ հասցնում ու ջախջախում, այդպես էլ մենք պետք է լինենք: Մեր երկիրը պետք է անկախ ու ազատ լինի իր հայորդների շնորհիվ, այլ ոչ թե արտաքին ուժերի եւ պետությունների»,- ասաց նա:


Սոսե Չանդոյան