ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում. առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Թումանյան թաղամասի այգու մոտ, ձեռքերով եւ ոտքերով հարվածելով, փորձել է հափշտակել կնոջ ձեռքի պայուսակը, ապա՝ բջջային հեռախոսը, սակայն իր կամքից անկախ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել եւ դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Նախաքննության ընթացքում ստացվել են հարակից տարածքների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնցում երեւում է տուժողի կողմից նկարագրված, կողոպուտի փորձ կատարած անձի արտաքին տվյալներին նման մի երիտասարդ:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրությունում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսագրությունում երեւացող անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, Քննչական կոմիտեն խնդրում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: