Ապավեն գյուղի աշակերտները ստիպված են 2 կմ ոտքով անցնել՝ դպրոց հասնելու համար
SocietyNews.am-ը գրում է.
Լոռու մարզի Ապավեն գյուղի աշակերտները այս ձմռանն էլ ստիպված կլինեն շուրջ 2 կմ ոտքով ճանապարհ անցնել՝ դպրոց հասնելու համար:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ապավենի գյուղապետ Հովհաննես Խաչատրյանն ասաց, որ դեռևս Սովետական Միության տարիներին գյուղում դպրոց չի եղել: Գյուղի երեխաները հաճախում են հարևան Արծնի գյուղի միջնակարգ դպրոց, որը հատկապես ձմռան ամիսներին լուրջ դժվարություններ է առաջացնում
«2 կմ ոտքով են գնում, ավտոբուս չկա, որ երեխաներին գոնե դպրոց տանի ու դպրոցից տուն բերի, հատկապես ձմռանը բավականին դժվար է»,-ասաց գյուղապետը, նշելով, որ խնդրի լուծման ակնկալիքով նամակ են գրել Լոռու մարզպետին, սպասում են պատասխանին:
Գյուղում դպրոցի բացակայությունը միակ խնդիրը չէ: Համայնքում չնայած իրականացվել են գազաֆիկացման որոշակի աշխատանքներ, սակայն գյուղում գազ մինչեւ օրս չկա, վառելափայտն էլ համայնքում թանկ է: Համայնքի ճանապարհները ևս անբարեկարգ են, գյուղը մարզկենտրոն Վանաձորին ու շրջկենտրոն Տաշիր քաղաքին կապող տրանսպորտ չի գործում: Տրանսպորտից օգտվելու համար բնակիչները պետք է 3 կմ ոտքով ճանապարհ անցնեն, հարեւան համայնքների ճանապարհներին հասնելու եւ ավտոբուսից օգտվելու համար: Վրաստանին սահմանակից այս համայնքում խնդիրներ շատ կան, ինչն էլ ավելի է նպաստում արտագաղթին։ Աշխատատեղեր գյուղում ևս չկան: