Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել Առաջնորդական գավազանի փոխանցման արարողություն: Տաթև Սրբազանը հանդիսավոր կերպով հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանին է հանձնել Առաջնորդական գավազանը` որպես հովվական իշխանության նշան:
Հայ Առաքելակա ն եկեղեցու Բուլղարիայի Հայոց թեմից, Բուլղարիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդի անդրանիկ պատարագին մասնակցելու համար եկել էր հավատացյալների մեծ բազմություն Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներից՝ հոգևոր հովիվների առաջնորդությամբ:
Սուրբ պատարագի ավարտին, հանդիսապետությամբ՝ Գերաշնորհ Տաթև Սրբազանի և ձեռամբ Հոգեշնորհ Հայր Իսահակի տեղի է ունեցել ջրօրհնեքի արարողություն, որի ժամանակ Բուլղարիայում առաջին անգամ կիրառվել է Հաղթության Մյուռոնը, որի պատրաստությունն ու օրհնությունը միայն օրեր առաջ էր կատարվել Սուրբ Էջմիածնում` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ջրօրհնեքի ավարտին հավատացյալ ժողովուրդը հնարավորություն է ունեցել անձամբ շնորհավորելու նո րընտիր առաջնորդին և ստանալու օրհնված ջուր:
Սուրբ և Անմահ Պատարագին ներկա էին Ռումինիայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը՝ որպես Ամենայն Հայոց Հայրապետի ներկայացուցիչ, Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ողջ աշխատակազմը՝ դեսպան Արսեն Սհոյանի գլխավորությամբ, Թեմական Խորհրդի անդամները՝ ատենապետ Անդրանիկ Շաքարյանի գլխավորությամբ, թեմական ու վարչական, հասարակական կառույցների ու միությունների՝ ՀԲԸՄ, Հայ Դատ, ՀՄԸՄ, ՀՕՄ, ներկայացուցիչներ ու ղեկավարներ, ներկայացուցիչներ Բուլղարիայի Հանրապետությունից՝ արտաքին գործերի փոխնախարար Քրիստո Անգելին, քաղաքապետարանի ներկայացուցիչներ Պրոշկու Պրոշկովն ու Միխայիլ Վլադովը:
Նախօրեին նորընտիր առաջնորդը հանդիպում էր ունեցել նաև Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Վիլի Լիլկովի ու Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆընդըկովայի հետ: