Միջազգային հանրությունը պետք է իր մասնակցությունն ունենա Արցախի ճակատագրի լուծման գործում. Պասկալևա
SocietyՄիջազգային հանրությունը պետք է հասկանա այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել արցախյան հողում և իր մասնակցությունն ունենա Արցախի ճակատագրի լուծման գործում:
Այս մասին նշել է բուլղարուհի լրագրող և ռեժիսոր Ցվետանա Պասկալևան` ներկայացնելով իր անցած ուղին որպես արցախյան ազատամարտի վավերագրող:
«1991 թվականին, որպես վավերագրող և լրագրող, իմ ուշադրությունն է գրավել Լեռնային Ղարաբաղը և այնտեղ կատարվող սարսափելի ու տագնապալի իրադարձությունները` հայկական Գետաշեն և Մարտունաշեն գյուղերից մարդկանց տարհանումը: Սա դարձել է իմ պրոֆեսիոնալ հետաքրքրության պատճառը»,- ընդգծել է լրագրողը:
Պասկալևան հավելել է, որ Մոսկվայում, որտեղ նա սովորում էր ասպիրանտուրայում, «պերեստրոյկա»-ի, «գլասնոստ»-ի ժամանակ այդ տարածաշրջանից ոչ մի տեղեկատվություն, նորություն չէր հաղորդվում:
«Սա դարձել է առաջնային խթան, որպեսզի ես այնտեղից տեղեկատվություն «դուրս բերեի»: Եվ ես հասկացա այն սարսափելի իրավիճակը, որում գտնվում է ԼՂ բնակչությունը: Նրանք ենթարկվել էին արտաքսման Ադրբեջանում տեղակայված 23-րդ դիվիզիայի կողմից` ադրբեջանական ոստիկանության հատուկ ջոկատայինների հետ: Այն, ինչի ականատես եմ ես դարձել, փոխել է իմ ողջ ճակատագիրը: Ես թողեցի իմ ասպիրանտուրան և երկար մնացի Ղարաբաղում:
Լինելով բուլղարացի լրագրող` ես հնարավորություն ունեի ներկայացնել տեղեկատվություն տարբեր միջազգային հեռուստաընկերությունների` գերմանական ZDF-ին, ֆրանսիական Անտեն-2-ին, Բուլղարական հեռուստաընկերությանը, CNN-ին, NBS-ին, CBS-ին»,- նշել է Ցվետանա Պասկալևան:
1991-94 թվականներին Պասկալևան իր տեսախցիկի միջոցով վավերագրել է ամբողջ պատերազմը:
«Ես անդադար Ղարաբաղում էի, աշխատում որպես օպերատոր, լրագրող, տասնյակ, հարյուրավոր ռեպորտաժներ եմ պատրաստել միջազգային հեռուստագործակալությունների համար:
Արդյունքում` լույս են տեսել 7 ֆիլմեր, որոնք արտացոլում են ղարաբաղյան պատերազմի ժամանակագրությունը: Նույնիսկ այն մարդուն, ով ծանոթ չէ ղարաբաղյան իրադարձություններին, առաջին իսկ կադրերից հայտնի է դառնում, թե ինչպես է ծավալվել արցախյան հերոսամարտը»,- շեշտել է լրագրողը:
Նրա խոսքով` դրանք բազմաթիվ հարցերի պատասխաններ են տալիս, խոսում ֆիդայական խմբերի մասին, որոնք ստիպված էին պաշտպանել յուրաքանչյուր գյուղը, և պատմում, թե ինչու է ստեղծվել արցախյան բանակը:
«Այսօր` 20 տարի անց, ես հնարավորություն ունեմ հրատարակել իմ 7 ֆիլմերը երկու DVD սկավառակներում: Արցախյան ազատամարտի ժամանակագրությունը վեց լեզուներով` ռուսերեն, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և բուլղարերեն»,- հավելել է Պասկալևան: Նա նաև նշել է, որ ստորագրում է իր յուրաքանչյուր խոսքի տակ:
Ցվետանա Պասկալևան հայտնի բուլղար լրագրողուհի է, ռեժիսոր, սցենարիստ և օպերատոր, Կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ: 1991թ. մայիսից փաստագրական ֆիլմեր է նկարահանել Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին: 7 ֆիլմ է նկարահանել Ղարաբաղի մասին: