Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է 2016 թվականի դեֆիցիտային պետբյուջեն
EconomicsԱդրբեջանի խորհրդարանը հաստատել է 2016 թվականի պետբյուջեն, որի համաձայն բյուեջի եկամուտները եկող տարվա համար կանխատեսվում է 14,566 մլրդ մանաթի չափով, ինչը կկազմի ՀՆԱ-ի 25,2 տոկոսը, ծախսերը` 16, 264 մլրդ մանաթ, կամ 28,2 տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ: 2016 թվականի համար Ադրբեջանի բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 1,698 մլրդ մանաթի մակարդակի կամ ՀՆԱ-ի 2,9 տոկոսը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ 2015 թվականի համար սպասվող ցուցանիշների համեմատ, բյուջետային եկամուտները կկրճատվեն 25,1 տոկոսով, իսկ 2014 թվականի փաստացի ցուցանիշների համեմատ` կնվազեն 20,84 տոկոսով:
Պետբյուջեի ծախսերը, 2015 թվականի համեմատ, կկրճատվեն 22,9 տոկոսով, իսկ 2014 թվականի համեմատ` 13,07 տոկոսով:
Ադրբեջանի պետբյուջեի ցուցանիշները կազմվել են նավթի մեկ բարելի դիմաց 50 դոլար գնի, ԱՄՆ դոլարի նկատմամբ մանաթի փոխարժեքի 1,05 մակարդակի հաշվառմամբ:
Ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին ԶԼՄ-ներին հայտնել է, որ Ադրբեջանի պետբյուջե մուտքերը 66 տոկոսով կախված են նավթից, անուղղակի գործոնների հաշվառմամբ` 80 տոկոսով, իսկ արտաքին առեւտուրն ընդհանրապես նավթից կախված է 95 տոկոսով:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել. եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել: